Այսօր ԱԺ-ում 2014թ. Բյուջեի քննարկման ժամանակ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ անդրադարձել է ՃՈ երթևեկության կանոնների խախտման տուգանքներին։
«Այդ ինչպե՞ս է, որ մենք շատ ենք վճարում, բայց բյուջե քիչ է մտնում գումար: Որովհետև այդ մեխանիզմը մամուլում և բոլորի գիտակցության մեջ է մտել, որ այդ փողերը տնօրինում է Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը, և այս տարի, էլի մամուլի տվյալներով, հավաքվել է 4,2 մլրդ դրամ»,- նշել է նա։
Փաշինյանը հայտարարել է, որ չի կարող կողմ քվեարկել մի փաստաթղթի, «որտեղ հընթացս արձանագրվում է, որ զորակոչիկների թիվը պակասել է ու շարունակելու է պակասել, աշակերտների թիվը պակասել է և շարունակելու է պակասել, ծնունդների թիվը պակասել է և շարունակելու է պակասել»:
«Սա ուղղակի հուսահատ բյուջե է, պարոն վարչապետ։ Հիմա կարող է հարց հնչի, մի՞թե այդ 1200 էջանոց բյուջեում մի կետ չկա, որ այսօրվա դրությամբ լավատեսություն է ներշնչում։ Կա, թեկուզ մի փոքր կետ պարունակում է, դա էն ա, որ կառավարությունը ռիսկերի մեջ հնարավոր է համարել ներքաղաքական անկայունությունը։ Ճիշտ է, ներքաղաքական անկայունությունն, անկեղծ, այդքան էլ լավ բան չի, բայց երբ որ համատարած ինչ-որ ճահճային վիճակ է, մարդիկ փորձում են հույս փնտրել այդպիսի տեղերում։ Այս է պատճառը, որ Շանթ Հարությունյանի և նրա ընկերների գործունեությունը հանրության որոշակի շրջանում դրական արձագանքի է արժանանում, որովհետև մարդիկ տեսնում են, որ այս կառավարությունը, այս իշխանությունը փոփոխության բոլոր ճանապարհները փակել են: Ես ուզում եմ ասել՝ սա հատուկ պարտավորություն է դնում ընդդիմության վրա, որովհետև ընդդիմությունը պարտավոր է ժողովրդին առաջնորդել ոչ թե հուսահատ քայլերի, այլ ընդդիմությունը պարտավոր է ժողովրդին առաջնորդել հաշվարկված քայլերի և բերել քաղաքացիական, տնտեսական, քաղաքական հաղթանակների։ Ես ուզում եմ հավատալ, որ Հայաստանում առաջիկայում կձևավորվի քաղաքական, քաղաքացիական այնպիսի ուժերի դաշինք, որն ի վերջո կօգնի ժողովրդին ոչ թե խոսքերով, այլ գործերով հաղթահարել այդ հուսահատության տարրը», – ասել է Նիկոլ Փաշինյանը: