Դավիթաշենի 2-րդ թաղամասում «Տոնուս» ՍՊԸ-ի կառուցած շենքում բնակարաններ գնած քաղաքացիներն այսօր՝ ժամը 12:00-ի սահմաններում, մոտ 40 հոգով մտել են «Արցախբանկի» Սայաթ Նովա փողոցում գտնվող մասնաճյուղ` պահանջելով, որ իրենցից գումար գանձվի պայմանագրում նշված գումարի չափով, այլ ոչ թե բանկի ավելացրած գումարով:
Բանկի աշխատողները փորձել են դուրս հրավիրել բնակիչներին, սակայն վերջիններս պնդել են, որ չեն հեռանալու, մինչև իրենց չընդունեն:
Բնակիչներից մի քանիսի հետ զրուցել է մասնաճյուղի կառավարիչը, սակայն, նրանց խոսքով, զրույցը ոչ մի արդյունք չի տվել և իրենք շարունակելու են իրենց բողոքը:
«Փափուկ բարձ դրեց մեր գլխի տակ: Շատ հանգիստ տոնով ասեց, որ իրենք ոչինչ չեն կարող անել: Բայց մենք ամեն օր գալու ենք, խափանելու ենք բանկի աշխատանքը, մինչև մեր խնդիրը լուծվի», – Epress.am-ի հետ զրույցում ասել է բողոքող բնակիչներից տիկին Էմման:
Հիշեցնենք, որ 155 բնակարանատերը «Տոնուս»-ի հետ պայմանագրեր են կապել 2006 թվականի հոկտեմբերից: Համաձայն պայմանագրի՝ «Տոնուսը» պետք է 2008 թվականին ավարտին հասցներ Փափազյան 118/1 և Դավիթաշեն համայնքի 2-րդ թաղամասում կառուցող շենքերի շինարարությունը և բնակարանները հանձներ բնակիչներին, սակայն մինչ օրս չի կատարել իր պարտավորությունները:
Խնդրի շուրջ Epress.am-ն ավելի վաղ զրուցել էր «Արցախբանկ»-ի փաստաբան Գևորգ Չաքմիշյանի հետ, ով նշել է, որ նախնական պայմանագիր ունեցողները բնակարանատերեր չեն, քանի որ նրանք ունեն միայն առքուվաճառքի նախնական պայմանագրեր, որոշները՝ նույնիսկ նոտարական վավերացման փաստաթղթեր չունեն:
Միևնույն ժամանակ, փաստաբանը նկատել էր, որ «Արցախբանկը» չի ժխտում, որ մարդիկ վճարել են «Տոնուս» ընկերությանը, սակայն դա բանկին այնքան էլ չի վերաբերում:
««Տոնուս» ընկերությունը մեզ մոտ շենքերը գրավ է դրել և վարկ վերցրել: Ընկերության սնանկացումը չի կարելի արհեստական համարել, քանի որ հենց իրենք են դիմել սնանկ համարվելու համար և ճանաչվել են, քանի որ իրենց պարտավորությունները գերազանցել են ունեցած ակտիվները»,- ասել էր Գևորգ Չաքմիշյանը: