«Կանազի» կայազորային-կլինիկական հոսպիտալում նոյեմբերի 2-ի կեսգիշերին ծեծի ենթարկված ու փախուստի դիմած չորս զինծառայողներից երկուսի նկատմամբ քրեական գործ է հարուցվել, և արդեն չորրորդ օրն է՝ Արշակ Արմենի Թորոսյանը և Ռազմիկ Ռուբենի Մանուկյանը գտնվում են «Նուբարաշեն» ՔԿՀ-ում: Այս մասին տեղեկացնում է Galatv.am-ը՝ նշելով, որ մինչ օրս նրանց ծնողները հնարավորություն չեն ունեցել տեսակցել իրենց զինծառայող որդիներին:
Նրանցից մեկի՝ Ռազմիկ Մանուկյանի մայր Աննա Կարապետյանը, կայքի հետ զրույցում ասել է, որ ոչ միայն արգելում են տղաներին տեսակցել, այլև հրաժարվում են հագուստ ու սնունդ փոխանցել նրանց:
«Մեր երեխաներին ծեծել ու ջարդեն են, տարել գցել են «Նուբարաշեն», մի բան էլ արգելում են հանդիպել: Ես հիվանդ կին եմ, շարժվել էլ չեմ կարող, մի կերպ հասել եմ «Նուբարաշեն», բայց սկզբից խաբում ասում էին՝ ստեղ չեն, հետո էլ, թե չի կարելի իրենց հետ հանդիպել, ինչո՞ւ, հանցագո՞րծ են սարքել արդեն: Պահանջում եմ անհապաղ տեսակցություն որդու հետ»,- դժգոհել է տիկին Աննան:
Նա նաև ասել է, թե իր առողջական վիճակի կտրուկ վատացման պատճառով ստիպված է եղել հիվանդանոց տեղափոխել և այս պահին գտնվում է հիվանդանոցում:
«Ես շատ վատ հիվանդ եմ, ամուսինս էլ հաշմանդամ է, նույնիսկ ձեռնափայտով քայլել չի կարողանում, իսկ ես ուռուցք ունեմ: Երկու հիվանդ ծնողների երեխա է Ռազմիկը, ու հիմա ի՞նչ են արել իմ տղային՝ այս ամենը ավելի բարդացրեց իմ վիճակը, հիմա հիվանդանոցում եմ ու ուժ չունեմ անգամ հասնելու «Նուբարաշեն», -ասել է մայրը:
Նա դարձյալ վստահեցրել է, որ մինչև վերջ բողոքելու է և թուլ չի տալու, որ տեղի ունեցածը հենց այնպես անցնի:
«Մեր երեխաներին ծեծողները բժիշկներն են, որոնք հիմա հանգիստ իրենց համար ֆռֆռում են, իսկ երեխեքին համ ծեծել են, համ էլ վրեքը գործ են հարուցել, նստացրել»:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին Արծրուն Հովհաննիսյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել էր, որ կայազորային կլինիկական հոսպիտալում երկու զինվորներ, որոնք գտնվել են ստացիոնար բուժման մեջ, վիճաբանություն են սկսել նույն բաժանմունքի զինվորների հետ, որը վերաճել է ծեծկռտուքի:
«Նրանք հարձակվել են նաև հերթապահ բժշկի վրա, այնուհետև դիմել փախուստի», – իր գրառման մեջ ընդգծել էր Հովհաննիսյանը: Նրա պնդմամբ՝ զինվորները հոգեբուժական բաժանմունքից են եղել և նրանց հոգեկան վիճակն է պատճառ հանդիսացել վիճաբանության, այնուհետև՝ փախուստի համար:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, սակայն, միջադեպի մասնակից զինվորներից մեկը՝ Դավիթ Մարկոսյանի հայրը՝ Սամվել Մարկոսյանը, պատմել նշել էր, որ զինվորներին ծեծի են ենթարկել հոսպիտալի պետ Սահակ Օհանյանը, ատամնատեխնիկ Արմեն Հովսեփյանը և հոգեբան Վաղինակ Հովհաննիսյանը։
Իր հերթին, Դավիթ Մարկոսյանը պատմել էր, թե ինքը և ևս 3 զինծառայողներ փախուստի էին դիմել հոսպիտալից ծեծի ենթարկվելուց հետո:
«Ես չգիտեմ, թե ինչից էր սկսվել կռիվը, ձայներ լսեցի կողքից, մտա սենյակ, տեսա՝ Ռազմիկին գցել են գետնին, ծեծում են։ Սուտ ա, որ ասում են, թե ծեծել են խմելու համար։ Նման բան չկա, քանի որ ոչ մի խմիչքի հետք չեն գտել։ Բայց մեզ նենց ծեծեցին, որ ջարդեցինք դռներն ու փախանք։ Ռազմիկն (զինծառայողներից մեկը)ընկել էր փողոցում, ահավոր վիճակ էր»», – պատմել էր Դավիթը:
Ավելի ուշ Դավիթը «Ժողովուրդ»-ին ասել էր, որ ինքն ու Արոն (ծեծի ենթարկված զինծառայողներից մեկը-խմբ.) գտնվում են Կանազի հոսպիտալում, իսկ մյուս երկու զինծառայողները՝ Արշակն ու Ռազմիկը՝ ռազմական ոստիկանության մեկուսարանում։
Նոյեմբերի 3-ին դեպքին անդրադառնալով՝ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը կարծիք էր հայտնել, որ զինծառայողները քրեական պատասխանատվության չեն ենթարկվի: