Home / Հայաստան / Քաղաքացիական հագուստով ոստիկանը «նոյեմբերի 5-ի» գործով տուժող է ճանաչվել

Քաղաքացիական հագուստով ոստիկանը «նոյեմբերի 5-ի» գործով տուժող է ճանաչվել

Նոյեմբերի 5-ին Ազատության հրապարակում քաղաքացիական հագուստով անձը, որը, ըստ հրապարակված տեսանյութերի, միայն իրարանցման ժամանակ է հայտարարել, թե ինքը ոստիկան է, ճանաչվել է տուժող, հաղորդում է «Ազատություն»-ը:

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության քննչական խմբի ղեկավար Սամվել Տոնոյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում հաստատել է, որ քաղաքացիական հագուստով այդ անձը իսկապես ոստիկան է: «Նշված անձը ոստիկան էր», – ասել է Տոնոյանը: «Նոյեմբերի 5»-ի գործում հիշյալ անձի կարգավիճակին վերաբերող հարցին էլ արձագանքել է․ «Բնականաբար, տուժող է»:

«Այսինքն, նրան ո՞վ է ծեծել՝ այդ [կալանավորված] 14-ից մե՞կն է նրա նկատմամբ բռնություն գործադրել» հարցին քննչական խմբի ղեկավարը պատասխանել է․ «Այո, հիմա կոնկրետ չեմ կարող ասել՝ որ մեկն է կոնկրետ հարվածել, բայց ունենք քրեական գործը: Պարզապես նպատակահարմար չէ հիմա կոնկրետ անուն տալ, բայց քրեական գործը ունենք՝ այո, այդ 14-ից է»:

Սամվել Տոնոյանը համոզմունք է հայտնել, որ այդ քաղաքացին կարող էր իմանալ, որ տվյալ անձը ոստիկան էր․ «Այո, որովհետև նա սկզբից ներկայացել է, և ծեծելու ընթացքում էլ նրան ասում էին, որ ոստիկան է ծեծել: Այսինքն, եթե ոստիկանը համազգեստով չէ՝ դա նշանակում է, որ նա ոստիկան չէ՞․ բնականաբար, ոչ: Եթե մարդը սահմանված կարգով ներկայացել է․․․»:

«Իսկ ինչո՞ւ համազգեստով չէր, դա դիտավորություն չէ՞», – սրան էլ քննչական խմբի ղեկավարը արձագանքել է․ «Իհարկե ոչ: Տվյալ օրը ուժեղացված ծառայություն եղավ, բոլոր համապատասխան ստորաբաժանումները գտնվել են այդտեղ»: