Ազգային միացյալ նախաձեռնության ղեկավար, «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը, ում ձերբակալել են նոյեմբերի 5-ին, այլևս հանրային պաշտպան չունի, նա ինքնուրույն կիրականացնի իր պաշտպանությունը: Այս մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է փաստաբան Գարիկ Մալխասյանը, ում ավելի վաղ նշանակել էին որպես Հարությունյանի հանրային պաշտպան:
Մալխասյանը նշել է, որ ստացել է քննիչի որոշումը Շանթ Հարությունյանի՝ պաշտպանից հրաժարվելու դիմումի վերաբերյալ:
Գարիկ Մալխասյանը տեղեկացրել է նաև, որ նշանակվել է դատահոգեբուժական փորձաքննություն՝ պարզելու նրա մոտ հոգեկան շեղումներ կան, թե` ոչ:
Հիշեցնենք, որ քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանին և նրա 19 աջակիցներին ձերբակալել էին նոյեմբերի 5-ին դեպի նախագահական նստավայր նախաձեռնած երթի մեկնարկին: Հարությունյանի հետ այս ընթացքում հանդիպել են պատգամավոր Նիկոլ Փաշինյանը և իրավապաշտպան Արթուր Սաքունցը: Հարությունյանը պատգամավորին ասել էր, որ իր նկատմամբ բռնություն է գործադրել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Արթուր Սաքունցը քաղբանտարկյալի ձեռքերին բռնության հետքեր էր տեսել: