«Եկեք կանխենք գազի թանկացումը» նախաձեռնությունը նոյեմբերի 15-ից Ազատության հրապարակում ստորագրահավաք է նախաձեռնել: Еpress.am-ի հետ զրույցում հասարակական ակտիվիստ Անի Կաղինյանն ասել է, որ ակցիայի ընթացքում շուրջ 700 ստորագրություն է հավաքվել և այն դեպքում, երբ քաղաքացիները իրազեկված չեն եղել: Այսօր ստորագրահավաքը շարունակվել է:
«Մարդիկ մոտենում են ու ստորագրում թերթիկ-պահանջագրերը, որով պահանջում են գազի գնի բարձրացման գործով անցկացնել թափանցիկ ու արդար դատավարություն: Մեր նախաձեռնությունը վարչական դատարանում բողոքարկել է Հայաստանում գազի և էլէկտրաէներգիայի սակագների բարձրացման վերաբերյալ հունիսի 7-ի որոշումը և պահանջել, որպեսզի դատարանում հարցի քննարկումը բոլորի համար բաց և թափանցիկ լինի», – ասել է Կաղինյանը։
Մեր զրուցակցի խոսքով՝ դատարանը կարծիք է հայտնել, թե խնդիրը հանրային հնչեղություն չունի և մտահոգում է միայն նախաձեռնության կազմակերպիչներին:
«Այդ իսկ պատճառով ստորագրահավաքը շարունակական է լինելու այնքնան ժամանակ, երբ մենք կարողանանք ապացուցել, որ խնդիրն իսկապես հանրային հնչեղություն է ձեռք բերել և բազմաթիվ քաղաքացիներ պատրաստ են պայքարել թանկացման դեմ»,- ասել է Կաղինյանը:
Վերջինիս խոսքով՝ այսօր ժամը 12:30-ից մինչև երեկոյան 20-ը ստորագրությունների թիվը զգալիորեն կաճի, քանի որ երեկվա ստորագրահավաքի մասնակից քաղաքացիները խոստացել են տարածել պահանջագիր-թերթոնները և անտաղյակ քաղաքացիներին իրազեկել ակցիայի նպատակի մասին:
«Կան բոլոր կարևոր փաստարկները, որոնք կապացուցեն, որ գազի թանկացման վերաբերյալ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումն անհիմն է», – ասել է Կաղինյանը: