Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը հիրավի սենսացիոն բացահայտում է արել: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով Զաքարյանի՝ «168 ժամ» թերթին տված հարցազրույցը:
«Հենց նոր իմացա ցնցող նորությունը. ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը «168 ժամ» թերթին պարզաբանում է տվել իր տան կառուցման կապակցությամբ և արել հիրավի սենսացիոն բացահայտում: Պարզվում է՝ ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահը ունի լիազորագիր կառավարելու ԱՄՆ քաղաքացի հանդիսացող Ալբերտ Բոյաջյանի բանկային հաշիվը՝ «Հայգյուղփոխբանկում»: Հիրավի մեծագույն հայտնագործություն. դու տնօրինում ես գումարներ, որոնք քո անվան հետ կապ չունեն: Դու չունես անհրաժեշտություն՝ բացատրելու այդ հաշիվների ոչ մուտքերի ծագումնաբանությունը, ոչ ելքերի պատճառաբանությունը: Այդ գումարները քոնն են դե ֆակտո, բայց քոնը չեն՝ դե յուրե: Եվ ոչ ոք չի կարող քեզ հարցնել, թե որտեղից այդ գումարները: Իսկ եթե գտնվի որևէ մեկը, որ համառորեն հարցնի՝ դու ունես պատասխան. դրանք Ալբերտ Բոյաջյանի գումարներն են, իսկ Ալբերտ Բոյաջյանը պարտավոր չէ բացատրել, թե որտեղից այդ գումարները, որովհետև ինքը ԱՄՆ քաղաքացի է: Իսկ ԱՄՆ-ում փողը մայթերին է թափված:
Իշխան Զաքարյանն արձանագրում է, ըստ այդմ, որ իր մի քանի միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը կառուցվել է Ալբերտ Բոյաջյանի հաշիվներում եղած գումարներից: Հիրավի «սպառիչ» պատասխան: Չգիտեի, որ պարոն Զաքարյանն այսպիսի նուրբ հումորի զգացում ունի», – գրել է պատգամավորը:
«168 ժամ» պարբերականի հետ զրույցում ՎՊ նախագահն ասել էր, որ Ալբերտ Բոյաջյանն իր լավագույն ընկերներից է, հիանալի մարդ, իր ընտանիքիս բարեկամը, ով, արդեն մի քանի տարի է, Հայաստան ժամանելուց ոչ թե հյուրանոց է գնում, այլ ապրում է իր տանը:
«Իմիջիայլոց` այն տանը, որը կառուցվել է Ալբերտ Բոյաջյանի իսկ աջակցությամբ», – ասել է Զաքարյանը:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը Աժ-ում Բազմիցս բարձրարցրել է Զաքարյանին պատկանող շքեղ առանձնատան հարցը՝ հետաքրքրվելով, թե որտեղից ՎՊ նախագահն այդքան գումար ունի: