Նոյեմբերի 16-ին Երևանի Նոր Արեշի 17-րդ և 8-րդ փողոցների խաչմերուկում գտնվող տներից մեկում տեղի ունեցած դանակահարության հետևանքով 28-ամյա Դենիշ Բաբու Շահաբ Սինգխի հետ տեղի ունեցածը շատերը «մութ պատմություն են» համարում: Վերոնշյալ հասցե այցելած Еpress.am-ի թղթակցի հետ զրույցում թե՛ հարևանները, թե՛ թաղամասի բնակիչները տեղի ունեցածի վերաբերյալ տարբեր կարծիքներ են հայտնել, ոմանք էլ խուսափել են խոսել այդ մասին:
Փոխարենը մատնանշում էին տան արյունոտ մուտքը, ոստիկանության կողմից զմռսած դուռը, պատերը, ինչպես նաև զգուշորեն խոսում տան ներսում տիրող իրավիճակից՝ «այնտեղ ավելի ահավոր է, քան էն, ինչ տեսնում եք՝ամբողջ տունը խառնած էր ու արյան մեջ կորած»:
Ըստ պաշտոնական վարկածի՝ նույն օրը, ժամը 19.30-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «պարանոցի և կրծքավանդակի ձախ կեսի բազմաթիվ կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ Նոր Արեշի 8-րդ փողոցի թիվ 14 տան մոտից բուժօգնության է տեղափոխել 24-ամյա Աստղիկ Աղաջանյանը, ավելի ուշ իրենց մոտ տղամարդու դիակ է տեղափոխվել: Ըստ ոստիկանության հաղորդագրության՝ Հնդկաստանի քաղաքացին վարձակալած տանը ամուսնության առաջարկ է արել Աղաջանյանին, սակայն վերջինիս կողմից մերժում ստանալուց հետո խոհանոցային դանակով որովայնի շրջանում բազմաթիվ մարմնական վնասվածքներ է պատճառել նրան, այնուհետեւ նույն դանակով իր պարանոցի զարկերակները կտրելով` ինքնասպանություն է գործել:
Օգնության խնդրանքով դիմացի հարևանի տուն մտած արյունլվա աղջկա ու կատարվածի մասին տանտիրուհին խոսել չի ցանկացել՝ պատճառաբանելով, թե տեսարանը սարսափի մեջ է դրել իր ողջ ընտանիքին:
Մոտ 2 ամիս նշված հասցեում վարձակալությամբ ապրող հնդիկ տղայի հետ հարևանները ոչ մի շփում չեն ունեցել՝ տեսել են միայն «անցնել-դառնալուց»:
Արտասովոր վարքագիծ կամ տարօրինակ պահվածք տղան, ըստ հարևանների, չի դրսևորել, ընդհակառակը՝ զուսպ ու համետս կենսակերպ է վարել և ոչնչով չի տարբերվել հայ հարևաններց՝ «առավոտյան դասի է գնացել, երեկոյան տուն եկել, ինչպես նաև գնումներ կատարել մոտակա խանութից»:
Դեպքի մասին հարևանները տեղեկացել են միայն այն ժամանակ, երբ տարածք են այցելել ոստիկանները ու շտապ օգնության մեքենան:
Հարևանուհիներից մեկը, ում բնակարանը հնդիկ տղայի բնակարանից ընդամենը մեկ պատ է բաժանում, մեր թղթակցին պատմել է, որ ոչ մի աղմուկ չեն լսել:
«Մենք մինչև հիմա էլ չգիտենք՝ ինչ է կատարվել, ինչ դուք եք տեսնում, նույնն էլ՝ մենք»:
Դեպքի մանրամասներին ծանոթանալու համար մեր թղթակիցը այցելել է Էրեբունի բուժկենտրոնում գտնվող Աղաջանյանին, ում քրոջ ամուսինը, սակայն, արգելել է տեսակցել ու զրուցել Աստղիկի հետ:
«Էրեբունի» բժշկական կենտրոնի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Շուշան Հունանյանը Epress.am-ին տեղեկացրել է, թե բժշկի խոսքով՝ Աղաջանյանի կյանքին վտանգ չի սպառնում: