Հնդիկ ուսանող, 28-ամյա Դենիշ Բաբու Շահաբ Սինգխը ինքն է դանակահարել 24-ամյա Աստղիկ Աղաջանյանին, ապա կտրել իր պարանոցը: Այս մասին ասված է ՀՀ ոստիկանության հաղորդագրության մեջ: Ավելի վաղ shamshyan.com կայքը հայտնել էր, որ նոյեմբերի 16-ին 24-ամյա Աղաջանյանն ու 28-ամյա Բաբուն դանակի կտրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, սակայն հնդիկը ճանապարհին մահացել է:
Ոստիկանությունը նշում է՝ շտապօգնության բժիշկը հայտարարություն է տվել, որ Նոր Արեշի 8-րդ և 17-րդ փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել դանակահարություն, իսկ ժամը 19.40-ին, «էրեբունի» հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ կենսաբանական մահ ախտորոշմամբ Նոր Արեշի 8-րդ և 17-րդ փողոցների խաչմերուկից իրենց մոտ է տեղափոխվել 32 տարեկան տղամարդու դիակ:
«Պարզվել է, որ Դենիշ Բաբու Շահաբ Սինգխը Նոր Արեշի 17-րդ փողոցում գտնվող իր վարձակալած տանն ամուսնության առաջարկ է արել Աստղիկ Աղաջանյանին, սակայն վերջինիս կողմից մերժում ստանալուց հետո խոհանոցային դանակով որովայնի շրջանում բազմաթիվ մարմնական վնասվածքներ է պատճառել նրան, այնուհետև նույն դանակով իր պարանոցի զարկերակները կտրելով` ինքնասպանություն է գործել: Ըստ բժշկի տեղեկանքի՝ Ա. Ա.-ն ի վիճակի չի եղել հաղորդում տալու: Հանցագործության գործիք դանակն առգրավված է:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ», – ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ:
Լուսանկարը՝ shamshyan.com