Home / Հայաստան / Կոմիտասի 5-ում շինարարությունը վերսկսվել է. բնակիչները միավորվում են այլ բողոքողների հետ

Կոմիտասի 5-ում շինարարությունը վերսկսվել է. բնակիչները միավորվում են այլ բողոքողների հետ

Կոմիտասի 5 հասցեում այսօր վաղ առավոտից  կրկին վերսկսվել են նոյեմբերի 2-ին Վարչական դատարանի որոշմամբ դադարեցված շինարարական աշխատանքները:  Այս մասին Еpress.am-ի թղթակցին պատմել է Կոմիտաս 5ա շենքի բնակչուհի Նելլի Ոսկանյանը:

Ավելի վաղ շինարարության դեմ պայքարող մեր զրուցակիցն ասել էր, որ դատարանը հիմնավորված էր համարել Կոմիտաս 5ա, 3 և 7 շենքերի բնակիչների միջնորդությունը և որոշել մինչ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը արգելել «Լիբեր» ՍՊԸ-ին գործողություններ իրականացնել:

Բնակիչները նաև միջնորդել էին դադարեցնել շինարարությունը մինչ այն պահը, երբ դատարանը դրա օրինականության վերաբերյալ որոշում կկայացներ:

Մինչ նոյեմբերի վերջին նշանակված դատաքննությունը կկայացներ վերջնական որոշումը՝ իրենց  պահանջը մասամբ բավարարված համարող բնակիչների դեմ հակընդդեմ հայց է ներկայացնում տարածքի սեփականատեր Էդգար Քեշիշյանը, ինչը դատարանը բավարարում է: Վերջինս բնակիչներից պահանջում  է փոխհատուցել շենքի կառուցման համար բանկից վերցրած 360 հազար դոլարից 40 հազար 600-ը, որը «կորցրել է նրանց իսկ մեղքով»:

Նոյեմբերի 15-ին տեղի ունեցած դատական նիստին Կոմիտաս 5-ի բնակիչները միջնորդություն են ներկայացնում հետաձգել այն, քանի որ իրենց փաստաբան Անուշավան Նիկողոսյանը չի կարող ներկա գտնվել, սակայն դատարանը մերժում է միջնորդությունը:

««Լիբեր ՍՊԸ» -ի փաստաբանը միջնորդություն ներկայացրեց, որ շինարարական ընկերության կրած վնասի  փոխահատուցումը պարտավոր են տալ բնակիչները: Քաղաքապետարանի կողմից ներկայացված իրավաբանը նույնպես  իրավաչափ համարեց պահանջը: Դատավոր Ռուզաննա Հակոբյանը, առանց մեզ հաշվի առնելու, բավարարեց միջնորդությունը և պարտավորեցրեց 3 օրվա ընթացքում վճարել գումարը և ավելացրեց, որ  հակառակ դեպքում արգելանքը շինարարության վրայից կհանվի», – պատմել է Ոսկանյանը:

Վերջինս ընդգծել է, որ այս ամենը հենց սկզբից պլանավորված է եղել ու հիմա իրենք պայքարի այլ տարբերակ են մշակելու:

«Կոմիտասի 5-ը, Սայաթ Նովա 10, 12-ը և Ամիրյանի բնակիչներով միավորվել ենք ու գործը հացնելու ենք ցանկալի արդյունքի», – եզրափակել է մեր զրուցակիցը: