Դերասան Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ներկայացրել է գործի քննության ընթացքում տեղ գտած հերթական զավեշտալի միջադեպը:
«Քննիչին միջնորդություն եմ ներկայացրել, խնդրել եմ, որ տրամադրի փորձաքննություններ նշանակելու որոշումները: Քննիչը որոշումները տրամադրել է մեզ, հետո որոշում է կայացրել մերժելու իմ միջնորդությունը, քանի որ արդեն տրամադրել է»,- ասել է Նիկոլայ Բաղդասարյանը` կատարվածը որակելով իբրև «աբսուրդ և սև հումոր` իրավաբանների համար»:
Փաստաբանը նաև տեղեկացրել է, որ այդպես էլ մինչև օրս չի ստացել պետական տարբեր ատյաններին ու պաշտոնյաներին հասցեագրած իր դիմում-բողոքներից և ոչ մեկի պատասխանը` հիշեցնելով, որ սահմանված ժամկետներն արդեն լրացել ու խախտվել են:
Կայքը հիշեցնում է, որ նոյեմբերի 12-ին փաստաբանը գործը քննող քննիչի դեմ բացարկի դիմում էր ներկայացրել, որտեղ ներկայացրել է մի շարք հանգամանքներ, որոնց առկայությունը, իրենց համոզմամբ, խոչընդոտում է գործի արդարացի քննությանը և փաստում քննիչի կանխակալ վերաբերմունքը: Նույն օրը Նիկոլայ Բաղդասարյանը գրավոր դիմել էր նաև ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին՝ քննիչ Հայկ Հակոբյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու` ոստիկանության ծառայողի էթիկայի կանոնները խախտելու համար: Երկու դիմումներն էլ մինչ այս պահն անարձագանք են մնացել:
Հիշեցնենք, որ Վարդան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած ավտովթարի համար՝ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով (ավտոմեքենա վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ):