ԼՂՀ հարցը կարող է լուծվել, եթե Ռուսատանը, Եվրամիությունը և Ադրբեջանը համաձայնության գան, և այդ համաձայնությամբ ստացված լուծումը չհակասի Իրանի շահերին: Epress.am-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը: Նրա խոսքով՝ այժմ անիմաստ է խոսել Լեռնային Ղարաբաղին բանակցությունների սեղան վերադարձնելու մասին. դա ոչ այլ ինչ է, եթե ոչ ինքնախաբեություն, քանի որ ԼՂՀ-ն բանակցություններից հանել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ հակամարտությունը դարձնելով ոչ թե ինքնորոշման հարց, այլ տարածքային վեճ Հայաստանի և Ադրբեջանի միջև: Այժմ, ըստ փորձագետի, նույնիսկ Հայաստանի մասնակցությունն է սահմանափակված, քանի որ Հայաստանի արտաքին քաղաքականության վրա մեծ ազդեցություն ունի Ռուսաստանի Դաշնությունը: Բադալյանի խոսքով՝ նաև սա հաշվի առնելով՝ չի կարելի քննարկել Սարգսյան-Ալիև հանդիպումը, որը ընդամենը հերթականն էր և դե ֆատկո արդյունք չի տվել:
«Սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահը տեղյակ պահեց Հայաստանի գործող նախագահին իր որոշման մասին, որը վերաբերում էր Հայաստանը Մաքսային միության անդամ դարձնելուն: Սերժ Սարգսյանն էլ ՌԴ-ի այդ որոշման մասին տեղյակ պահեց Հայաստանի հասարակությանը: Այդ օրվանից ակնհայտ դարձավ՝ Հայաստանի ինքնիշխանությունը սահմանափակվել է, և այսուհետ Հայաստանի արտաքին քաղաքականության վրա Ռուսաստանը մեծ ազդեցություն ունի՝ դա կլինի Եվրոպական միություն-Հայաստան, Իրան-Հայաստան, ԱՄՆ-Հայաստան և այլ հարաբերություններում»,- ասել է Արմեն Բադալյանը:
Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ ՈԴ-ի որոշման համար հայաստանյան ԶԼՄ-ները «պետպատվեր» ստացան կատարվածի մեջ մեղադրել հենց Պուտինին՝ փորձելով քննադատության զոհ ու մեղավոր չդարձնել Սերժ Սարգսյանին:
«Իրականում ՌԴ-ն կարողացավ Հայաստանի համար որոշում կայացնել Հայաստանում առկա իրավիճակի պատճառով, իսկ դրա մեղավորը Սերժ Սարգսյանն է: Գործող իշխանության պատճառով ՀՀ քաղաքացիների 95%-ը քաղաքականապես մեռած են»,- ասել է Բադալյանը:
Փորձագետը նշել է, որ մամուլը գրում է այն մասին, որ Սերժ Սարսգսյանը չորս տարի բանակցություններից հետո «քցել է» եվրոպացիներին: Ըստ Բադալյանի՝ իրականում Եվրոպական պաշտոնյաների քաղաքականության պատճառով Հայաստանը կմտնի ՄՄ: «Նրանք ամեն անգամ Պրեսկոտին կամ այլ մեկին էին ուղարկում, որպեսզի ասեն, որ Հայաստանում ընտրությունները մեկ քայլ առաջ են եղել՝ կարծելով, որ մեկ քայլով մոտեցնում են Հայաստանը Ասոցացման պայմանագրին, իրականում հակառակը՝ մեկ քայլով մոտեցնում էին Մաքսային միություն մտնելուն: Աչք փակեցին քաղբանտարկյալների, Մարտի մեկի զոհերի և կեղծվող ընտրությունների վրա՝ մենակ թողնելով ժողովրդին և հույս ունենալով, որ Սերժ Սարգսյանը կստորագրի պայմանագիրը»,- ասել է Բադալյանը: