Մի քանի ընկերություններ պայմանագիր են կնքել «ՀայՌուսգազարդ»-ի հետ, սակայն պարզվել է, որ պայմանագրում գազի սակագինը նշված չէ, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։
Մասնավորապես, Խորեն Մասիսյանը, ում ընկերությունը դրանց թվին է պատկանում, թերթի հետ զրույցում պատմել է. «Ինձ նման բոլորի հետ են այդ ձևով կնքել պայմանագիրը, նենց չի, որ մենակ ինձ հետ ա սա պատահել։ Զանգեցի իրավաբանական վարչություն, ասում են՝ անցած տարի էլ չի եղել, բայց եթե, օրինակ, դատարանում հայտնվենք, ո՞նց ապացուցեմ` ինչքան է գինը։ Ես բազմաթիվ պայմանագրեր եմ կնքել, որտեղ գինը նշված է։ Սա քաղաքացու մտահոգություն է, ուզեմ-չուզեմ, պետք է կնքեմ, ինչպես մեր երկրում ամեն ինչը։ Երևույթի մասին է խոսքս, որ զանգեք «ՀայՌուսգազարդ»-ի իրավաբանական բաժին, կտեսնեք, որ տերմիններով են խոսում, հստակ չեն պատասխանում հարցիս»:
Թերթը զանգահարել է «ՀայՌուսգազարդ» և խոսել մամուլի հետ կապերի պատասխանատու Շուշան Սարդարյանի հետ, ով իրավաբանական վարչության աշխատակիցների հետ կապ հաստատելուց հետո փոխանցել է, թե պայմանագրի օրինակելի ձևը կազմվում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) կողմից։ Այնտեղից թերթին հայտնել են, որ գազի գինը սահմանվում է ՀԾԿՀ-ի կողմից ու այն պայմանագրով չի որոշվում։