Կառավարության այսօրվա նիստի օրակարգում է Երևանի «Էրեբունի» օդանավակայանը ռուսաստանյան ռազմաբազային հանձնելու հարցը, «Որ Պուտինը գոհ մնա» հոդվածում գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ ընդգծելով, որ հարցի ձևակերպումից դա ակնհայտ չի երևում։
«Այն ձևակերպված է այնպես, որ ռուսական ռազմաբազային են փոխանցվում Երևանի «…Արշակունյաց փողոցի 11 7 ռազմական ավանը (ուղղաթիռային սավառնակախմբի (էսկադրիլիայի) կանգառի և գետնավարման ուղու կառուցման համար նախատեսված հողատարածքները, վարչատնտեսական օբյեկտների, զինանոցի, շտաբի, բնակելի ավանի, ինժեներաավիացիոն ծառայության շենքի, ավտոհավաքակայանի տարածքները և «Էրեբունի» օդանավակայանում վառելիքաքսուքային պահեստ կառուցելու համար տարածքներ)՝ դրանք ներառելով Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետերի ցանկում»։
Իսկ ցանկում նշված տարածքի կոնկրետ տեղաբաշխումը սահմանված է փողոցների անուններով՝ Արշակունյաց փողոց, Արարատյան փողոց, և Շիրակի փողոց։ Հենց այս երեք փողոցներով էլ պարփակվում է Էրեբունի օդանավակայանն իր հարակից տարածքներով` ավելի քան 10 քառակուսի կիլոմետր», – նշում է թերթը։
Օդանավակայանը հիմա էլ օգտագործվում է ռուսաստանյան ռազմաօդային ուժերի կողմից, սակայն այս որոշմամբ այն կդառնա ռազմակայանի սեփականությունը։
«Ակնհայտ է, որ սա մեր կառավարության նվերն է Վլադիմիր Պուտինին, նրա՝ դեկտեմբերի 2-ին Հայաստան կատարելիք այցելության առթիվ։ Մինչև դեկտեմբերի 2-ը դեռ երկու շաբաթ էլ կա ու հայտնի չէ, թե քանի քառակուսի կիլոմետր ևս կփոխանցվի Ռուսաստանին», – նշում է «ՀԺ»-ն։
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում