հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Վարդան Պետրոսյանի նկատմամբ անմարդկային վերաբերմունք է դրսևորվել. փաստաբանը դիմել է ՄԻՊ-ին

Վարդան Պետրոսյանի նկատմամբ անմարդկային վերաբերմունք է դրսևորվել. փաստաբանը դիմել է ՄԻՊ-ին

Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին` տեղեկացնելով իր պաշտպանյալի նկատմամբ խոշտանգման և անմարդկային վերաբերմունքի դրսևորումների մասին, հայտնում է «Փաստինֆո»-ն:

Խոսքը վերաբերում է նոյեմբերի 9-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կայացած դատական նիստին Վարդան Պետրոսյանի ներկայությունն ապահովելուն: Այդ նպատակով, ինչպես նշում է փաստաբանը ՄԻՊ-ին ուղղված իր դիմումում, քննիչ Հայկ Հակոբյանն այցելել էր «Արթմեդ» բժշկական-վերականգնողական կենտրոն, որտեղ այդ պահին բուժում էր ստանում Վարդան Պետրոսյանը, և նրան ստիպողաբար տարել դատական նիստի:  

«Քննիչ Հայկ Հակոբյանը, տեսնելով, որ Վարդան Պետրոսյանը գտնվում է ցավերի մեջ, ունի ստացիոնար բուժման կարիք, չլսելով բժիշկների խորհուրդները` առ այն, որ Պետրոսյանին հիվանդանոցից դուրս բերելը կնպաստի վերջինի մոտ ցավերի կրկնապատկմանը, բոլորի կամքին հակառակ, Պետրոսյանին տեղափոխել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան»,- ասված է փաստաբանի դիմումում:  

Քննիչի այս գործողությունը Նիկոլայ Բաղդասարյանը որակում է իբրև «անմարդկային վերաբերմունք» և ՀՀ Սահմանադրության անմարդկային վերաբերմունքն արգելող 17-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Կոնվենցիայի` խոշտանգումներին և անմարդկային վերաբերմունքին վերաբերող 3-րդ հոդվածի խախտում:  

«Քննիչ Հակոբյանն իր գործողություններով դիտավորյալ Վ.Պետրոսյանին ենթարկել է ֆիզիկական և հոգեկան տանջանքների, ստացիոնար բուժման կարիք ունեցող անձին բերման է ենթարկել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, այլ կերպ ասած` Վարդան Պետրոսյանի նկատմամբ դրսևորել անմարդկային վերաբերմունք»,- ասված է փաստաբանի դիմումում, որով Նիկոլայ Բաղդասարյանը ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին խնդրում է քննության առնել և արձանագրել Վարդան Պետրոսյանի իրավունքների խախտման փաստերը:   

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում նշանակված է Վարդան Պետրոսյանի գործով դատական նիստը, որի ընթացքում պետք է վճռվի նրա նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը վերանայելու հարցը:  

Վարդան Պետրոսյանին մեղադրանք էր առաջադրվել հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած ավտովթարի համար՝ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով (ավտոմեքենա վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ):