ՀՀ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժինը կարճել է փաստաբան Լուսինե Սահակյանին սպառնալու հարցով քրեական գործը և դադարցրել հետապնդումը գործով մեղադրյալ Ժորա Բդոյանի նկատմամբ, տեղեկացնում է «Փաստինֆո» գործակալությունը: Բդոյանի նկատամամբ նախաքննական փոլում կիրառվել է համաներում:
Epress.am-ի հետ զրույցում փաստաբանը հիշեցրել է, որ իրեն և իր պաշտպանյալին սպառնացել են ապրիլի 5-ին տեղի ունեցած դատական նիստի ժամանակ, երբ քննվում էր Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության գործը: Մեղադրյալ Հարություն Սարգսյանի փաստաբան Լուսինե Սահակյանը նշել է, որ նախկին քաղաքապետի կողմնակիցներն իրեն սպառնացել են՝ ասելով «դահլիճից դուրս գաս, գլուխդ կպոկենք»:
Նշենք, որ նույն դատական նիստին Լուսինե Սահակյանին վիրավորել էր նաև Վարդան Ղուկասյանը: Վերջինիս մասով բողոքի շրջանակներում ոստիկանությունը շարունակում է նյութեր նախապատրաստել: Նիստից հետո Ղուկասյանը և իր կողմնակիցները ծեծի էին ենթարկել Հարություն Սարգսյանի հորը, ինչի առթիվ նույնպես քրեական գործ էր հարուցվել:
Լուսանկարը՝ 168.am