Պարտադիր կուտակային կենսաթոշակային հիմնադրամների ներդնելը նշանակում է թալանել առանց այն էլ ոչ բավարար աշխատավարձեր ստացող շուրջ 250 000 հազար քաղաքացիների, հետևաբար և նրանց ընտանիքների անդամների: Այս մասին Հ1 հեռուստաընկերության «Խորհրդարանական շաբաթ» հաղորդման շրջանակում հայտարարել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:
Նա հիշեցնում է, որ 1974 թվականից հետո ծնված Հայաստանում գրանցված բոլոր աշխատողները 2014 թվականի հունվարի 1-ից պարտավոր են կենսաթոշակային կուտակային հիմնադրամին պարտադիր մուծումներ կատարել իրենց աշխատավարձի 5 տոկոսի չափով, իսկ բոլոր նրանք, ովքեր կստանան 500 հազար դրամից ավելի աշխատավարձ,պարտավոր են յուրաքանչյուր ամիս փոխանցել այդ հիմնադրամին 25 հազար դրամ:
«Իրականացվող կործանարար քաղաքականության ժամանակաշրջանում տվյալ պարտադիր կուտակային հիմնադրամը մեզանից տարեկան կգանձի հարյուրավոր միլիոն դոլարներ, որոնք կկուտակեն անհայտ մի կառույցում, որի նկատմամբ վերահսկողության հնարավորությունը և գումարների հետ ստանալու անմիջական պահանջը բացառվում է:
Ոչ ոք չի մոռացել նախկին ԽՍՀՄ խնայդրամարկղներում ժողովրդի ներդրած ավանդների դառը ճակատագիրը, երբ մեր ժողովուրդը, մտածելով վաղվա օրվա մասին և ունենալով հավատ Խորհրդային Միության նկատմամբ, վստահել էր իր խնայած միլիոնավոր ռուբլիները պետական բանկային համակարգին, որոնք այսօր կազմում են միլիոնավոր դոլարներ:
Ակնհայտ է, որ ձեռնարկվել է հերթական դրամաշորթությունը, որը գալիս է լրացնելու մինչ այժմ ընթացող` մեր գրպանները դատարկելու քաղաքականությունը, և որի դեմ մենք դեռ արդյունավետ և սթափեցնող քայլ չենք ձեռնարկել:
Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 33-րդ հոդվածի` «աշխատողներն իրենց տնտեսական, սոցիալական և աշխատանքային շահերի պաշտպանության նպատակով ունեն գործադուլի իրավունք»: Այս իրավունքի իրացումը մեր կողմից զանգվածաբար կիրառելու դեպքում կհանգեցնի դրամաշորթության դադարեցմանը և գրպանահատներին զերծ կպահի կողոպուտից, որի անվանումն է պարտադիր կենսաթոշակային կուտակային հիմնադրամի ներդրում:
«Ժառանգությունը», գնահատելով ստեղծված իրավիճակը, հաշվի առնելով, որ խորհրդարանական մեծամասնությունը սույն հարցի վերաբերյալ մերժեց նույնիսկ լրացուցիչ քննարկման անցկացումը ՀՀ ԱԺ արտահերթ նիստում` կոչ է անում բոլոր աշխատողներին նախաձեռնել աշխատանքային կազմակերպչական խմբերի գործունեություն` համազգային գործադուլ իրականացնելու համար», – ասել է Փոստանջյանը: