Խորհրդային Միությունը Հայաստանից չէր էլ հեռացել, և այժմ ավելի բացահայտ կերպով ամրապնդում է դիրքերը: Այս մասին Epress.am-ի լրատվական շաբաթվա ամփոփման ժամանակ հայտարարել է «Հելսինկյան ասոցիացիայի» նախագահ, իրավապաշտպան Միքայել Դանիելյանը՝ անդրադառնալով Հայաստանում ռուսաց լեզվի ամրապնդման մասին զրույցներին:
Նրա խոսքով՝ անկախության ժամանակահատվածում բոլոր պետական կառույցների վրա անվանումները երեք լեզվով են գրված՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն:
«Նայում ես էդ ցուցանակներին և հասկանում, որ մենք երբեք էլ չենք փորձել գնալ Սովետական Միությունից այն կողմ: Միշտ էլ եղել ենք Սովետ, որն ընդհանրապես չի փլուզվել: Այն թիթիզ անկախությունները, որ ստացան ԽՍՀՄ հանրապետությունները, ժամանակավոր էին տրվել: Հայաստանում անկախությանը վերջ տրվեց 1995 թվականին, երբ պայմանագիր ստորագրվեց ռուսական բազաների մուտքը Հայաստան թույլ տալու մասին», – ասել է Դանիելյանը:
Իրավապաշտպանի խոսքով՝ այժմ կարելի է ԽՍՀՄ-ում գործող տարբեր համակարգերի վերականգնում ակնկալել, քանի որ «ԿԳԲ-ն չի մեռել, և քանի դեռ այդ համակարգը կա, Հայաստանում Սովետը չի վերանա»:
Հաղորդումն ամբողջությամբ՝ Epress.am-ում կտեղադրվի այսօր երեկոյան