Home / Տեսանյութեր / «Վալոդին» սպասում են Զորի Բալայանի «խմբերը». Լևոն Բարսեղյանը՝ Պուտինի այցի մասին

«Վալոդին» սպասում են Զորի Բալայանի «խմբերը». Լևոն Բարսեղյանը՝ Պուտինի այցի մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցելության կապակցությամբ Գյումրիում տրամադրությունները առանձնապես չեն տարբերվում  մյուս օրերից՝ «շատերի համար Վալոդի գալուստը երազանքի պես բան է, շատերի համար էլ բոլորովին մեկ է՝ ով կգա կամ կգնա»: Այս մասին այսօր Epress.am-ի հետ զրույցում ասել է Գյումրիի Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը:

«Հետևում ենք զարգացումներին՝ նամանավանդ ուշադրություն ենք դարձնում այն հանգամանքին, որ վարչական ռեսուրսի կիրառումը բացառենք, մասնավորապես՝ դպրոցներում խանգարվեն երեխաների դասերը, ինչպես արվել է շատ անգամներ: Չեմ բացառում՝ եթե ինչ-որ հանրային շփման հարմար խնդիր գտնեն, որ, ասենք հայ ժողովուրդը կամ գյումրեցին կանի Վլադիմիր Վլադիմիրովիչի համար, գուցե հանեն դիմավորելու, բայց չեմ կարծում», – ասել է Բարսեղյանը:

Նա նշել է, որ Պուտինի ժամանման հետ կապված քաղաքային իշխանությունները որոշել են նորոգել Գյումրիի թատրոնի շենքը, ասֆալտապատում են օդանավակայանից Գյումրի-Երևան ավտոմայրուղի եկող ճանապարհը, պարբերաբար թռուցկաժողովներ են գումարում՝ անելիքները կամ դիմավորման կարգը մշակելու համար:

«Շատերը կան, որ Սովետից այս կողմ 20-25 տարի փայփայել են երազանքը՝ երբ են մտնելու կոմունիստական Ռուսաստանի շվաքի տակ: Հիմա այդպիսիք բազմաթիվ են՝ րոպե-րոպե փափագում են, թե երբ պիտի ռուսի սապոգը գա ու վրաներով անցնի, որ ծանրությունը զգան: Սա է այս մարդկանց մտածելակերպը՝ ի՞նչ ազատություն, ի՞նչ անկախություն: Մյուս կողմից էլ՝ իշխանությունը տարիների ընթացքում հատուկ քաղաքականությամբ այնպես է թուլացրել ժողովրդին, հասցնելով ծայրահեղ ընչազուրկ վիճակի, որ մարդիկ այսօր մտածում են մի փոր հացի մասին, որ այս մարդկանց չես կարող ասել՝ «ինչո՞ւ լուսավոր, բարձր, վեհ գաղափարներ չունես, կամ ինչո՞ւ անկախության մասին չես մտածում»,- ասել է մեր զրուցակիցը:

Բարսեղյանի խոսքով՝ այդ խմբերը ղեկավարվում են Զորի Բալայանի «Ավետարանով» ու համոզմունք ունեն, թե «մենք ինքնուրույն ո՞վ ենք, որ լավ ապրենք»:

«Էս մարդիկ անընդհատ խոսում են անվտանգությունից ու չհասկացան անկախության, ազատության, ինքնիշխանության գինը: Ամենաանվտանգ տեղը բանտն է, այնտեղ իրենց ոչ ոք չի վնասի»,- եզրափակել է Բարսեղյանը: