Նախօրեին Լոռու մարզի Գուգարք համայնքի տներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով 6 ընտանիք մնացել է անօթևան: Այս մասին հայտնում է Lorinews.am կայքը և ավելացնում, որ ներկայումս 25 մարդ, որոնց թվում են 14 երեխաներ, մնացել են առանց հագուստի ու տանիքի:
Բնակիչները խոսքով՝ հրդեհը բռնկվել է վառարանից, իսկ թե ո՞ւմ բնակարանից՝ հայտնի չէ:
«Մինչ այս պահը նրանց օգնություն չի ցուցաբերվել, նրանք չեն հեռանում իրենց տների առջևից՝ ակնկալելով ոչ միայն պետական մարմինների, այլև անհատների աջակցությունը», – տեղեկացնում է կայքը:
Անօթևան մնացած բնակիչները պատմել են, թե այրվել է ամեն բան, ու այժմ իրենք մնացել են ուրիշի տված հագուստներով՝ «ամբողջ կյանքներս ախով-վախով ապրեցինք, որ զգույշ լինենք, պաժառ չընկնենք վառարանից, բայց ինչքա՞ն»:
Epress.am-ի հետ զրույցում Լոռու մարզպետարանի հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկեցրին, որ այդ կապակցությամբ խորհրդակցություն է հրավիրվել և որոշվել է, որ առաջիկա երեք ամսվա ընթացքում բնակարաններ կվարձվեն, ու տուժած ընտանիքների ժամանակավորապես ապաստան ստանալու խնդիրը շատ արագ կլուծվի: