Այսօր 12:30-ին Ազատության հրապարակից մեկնարկել է տարբեր քաղաքացիական խմբերի համատեղ երթը դեպի Բաղրամյան 26՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջով: Երթի մասնակիցների մեծ մասն ազատամարտիկներն էին, ովքեր ամիսներ շարունակ նստացույց էին անցկացնում Ազատության հրապարակում: Նրանց էին միացել նաև «Բանակն իրականում» նախաձեռնությունը, Սայաթ-Նովա պողոտայում շինարարության դեմ պայքարող քաղաքացիները, գազի գնի թանկացման դեմ պայքարող նախաձեռնությունը, ինչպես նաև անհատ քաղաքացիներ և քաղաքացիական ակտիվիստներ:
Երթի մասնակիցները նշում էին, որ Սերժ Սարգսյանը լեգիտիմ նախագահ չէ և անօրեն որոշումներով երկիրը տանում է կործանման: Նրանք ընդգծում էին, որ Հայաստանում բարդ սոցիալական վիճակ է ստեղծվել, ինչի ֆոնին աբսուրդային է նախագահի աշխատավարձի բարձրացումը, և գործազուրկների նպաստի վերացման մասին որոշումը:
«Այս իշխանությունների պաշտամունքի առարկան օլիգարխներն են: Այլևս դիմանալ չի լինի»,- ասել է ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանը: