Ուրբաթ օրը Վիլնյուսում Եվրամիությունն ու Հայաստանը հռչակագիր կստորագրեն, որում, մասնավորապես, շեշտվելու է Եվրամիության և Հայաստանի հարաբերությունների ներկայիս հիմքերը վերանայելու և թարմացնելու անհրաժեշտությունը:
«Ազատություն» ռադիոկայանի տրամադրության տակ հայտնված փաստաթղթում նաև ընդգծվում է, որ կողմերը «վերահաստատում են իրենց հաստատակամությունը՝ ավելի զարգացնելու և խորացնելու համագործակցությունը Արևելյան գործընկերության շրջանակներում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում»:
Հռչակագրի նախնական տեքստում արտացոլվել է նաև Հայաստանի՝ Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի և Խորը և համապարփակ ազատ առևտրի պայմանագրի կնքումից հրաժարվելու հանգամանքը: Փաստաթղթում, մասնավորապես, ասված է․ «Եվրոպական հարևանության քաղաքականության և Արևելյան գործընկերության շրջանակներում գագաթնաժողովի մասնակիցները վերահաստատում են յուրաքանչյուր գործընկերոջ սուվերեն իրավունքը՝ ազատորեն ընտրելու Եվրամիության հետ հարաբերությունների իրենց համար ցանկալի մակարդակը և նպատակները»:
Հիշեցնենք, որ Եվրամիության հետ Հայաստանի ասոցացման վերաբերյալ չորս տարի տևած և հաջողությամբ ավարտված բանակցություններից հետո, սեպտեմբերի 3-ին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո, Սերժ Սարգսյանը հայտարարել է Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի հետ համատեղ Մաքսային միության կազմի մեջ մտնելու ցանկության մասին, այդպիսով, փաստորեն, կասեցնելով Եվրամիության հետ ասոցացման գործընթացը: