Գյումրիում տեղակայված Ռուսաստանի 102-րդ ռազմաբազայի հրամանատար Անդրեյ Ռուզինսկին չի մասնակցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան կատարելիք այցի դիմավորման արարողությանը, գրում է «168 ժամ» պարբերականը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։
«Այն ժամանակ, երբ ՌԴ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը պետք է այցելի 102-րդ ռազմաբազա, Ռուզինսկին արձակուրդ է վերցրել։ Ավելի հավանական է, որ նրան «խորհուրդ են տվել» արձակուրդ գնալ՝ Վլադիմիր Պուտինի աչքին չընկնելու համար», – գրում է թերթը։
«168» ժամը հիշեցնում է՝ Ռուզինսկին հայտնի է նրանով, որ երկու ամիս առաջ ռուսական բանակի «Կրասնայա զվեզդա» պաշտոնաթերթին տված հարցազրույցում հայտարարել էր, որ, եթե Ադրբեջանը որոշի ռազմական ճանապարհով լուծել Ղարաբաղի հարցը, 102-րդ ռազմաբազան ՀԱՊԿ շրջանակներում ստանձնած պարտավորությունների շրջանակում կմիջամտի պատերազմական գործողություններին։ Այդ հայտարարությունից հետո Ադրբեջանը բազմիցս պահանջել է պաշտոնական բացատրություն տալ Ռուզինսկու խոսքերին։ Միայն վերջերս ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ասել էր, որ դա կարող է լինել լրագրողի սխալի հետևանք։