Նոյեմբերի 5-ին ձերբակալված քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանը, ով գտնվում է Նուբարաշենի հոգեբուժարանում, այսօր հանդիպել է իր պաշտպան Ինեսսա Պետրոսյանի հետ։ Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Պետրոսյանն ասել է, որ Հարությունյանը չի ընդունում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքը։
Նա պնդել է, որ ոստիկանի չի հարվածել, իսկ ոստիկան Էդգար Ալեքսանյանը, ում, ըստ մեղադրանքի, Հարությունյանը մահակով հարվածներ է հասցրել, եղել է քաղացիական հագուստով։ Հարությունյանն ասել է նաև, որ նոյեմբերի 5-ին՝ դեպի նախագահական իր նախաձեռնած երթից առաջ, Ազատության հրապարակում սադրիչները մեծ թիվ են կազմել։
Նա չի բացառել, որ այս պահին էլ որպես իր համախոհ ձերբակալված 20 մարդկանց թվում կարող են ներդրված անձինք լինել։ Շանթ Հարությունյանն իր փաստաբանին փոխանցել է, որ երթի օրն իրենց մոտ մահակների առկայությունը պայմանավորված է եղել նրանով, որ ինքը և իր համակիրները, հաշվի առնելով մարտի 1-ի նախադեպը, չեն բացառել ոստիկանության կողմից բռնի ուժի գործադրումը։ Նա հիշեցրել է, որ դեռևս երթից առաջ ինքը հայտարարել էր, որ մահակներն օգտագործվելու են միայն ինքնապաշտպանության համար։
Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանը մեղադրվում է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ։ Ձերբակալվածի խոսքով՝ նոյեմբերի 5-ին ինքը ծեծի է ենթարկվել ոստիկանության բաժնում ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից։