Այսօր առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցին ընդառաջ կազմակերպված ակցիաների շրջանակում քաղաքացիական ակտիվիստներ Անի Կաղինյանը և Նանե Մինասյանը Ավանում՝ Աճառյան փողոցի վրա գտնվող վերգետնյա անցումի վրա պաստառ են կախել «Ինքնիշխան Հայաստան» գրությամբ։ Դրա կողքին ակտիվիստները սև սապոգ են ամրացրել:
Ակցիան անցկացվել է վաղ առավոտյան՝ 07.20-ի սահմաններում, ոչ ոք չի խոչընդոտել դրա անցկացմանը:
Քաղաքացիական հագուստով անձինք, սակայն, հետևել են Կաղինյանին և Մինասյանին:
«Սկսեցին հետևել մեզ, ասացին, որ իրենց մոտ ենթադրություն կա, որ մեզ մոտ պայթուցիկներ կան ու պատրաստվում ենք ինչ-որ բան պայթացնել»,- Epress.am-ին ասել է Նանե Մինասյանը:
Կաղինյանը բացել է պայուսակը, ցույց տվել, որ պայթուցիկ չունի: Ինչևէ, հետևողներն ակտիվիստներին ուղեկցել են մինչև տուն: Կաղինյանը, սակայն, հրաժարվել է տան դուռը բացել՝ ասելով, որ կխոսի անհայտների հետ միայն փաստաբանի ներկայությամբ: Քաղաքացիական հագուստով անձինք պնդել են, որ Կաղինյանը դուռը բացի, և վերջինս որոշել է զանգել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ: Այս պահին Կաղինյանի մոտ ժամանած ՄԻՊ գրասենյակի Արագ արձագանքման խմբի աշխատակիցները զրուցում են ոստիկան ներկայացածների հետ: