ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ կազմակերպված ակցիայի մասնակից, քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին երեկ բերման ենթարկվել ոստիկանություն, որի ընթացքում մարմնական վնասվածքներ է ստացել: Այս մասին Գասպարին հայտնել է ՀՀ ոստիկանության Երևանի Կենտրոնականի բաժնի պետ Ա. Պողոսյանին ուղղված դիմումում:
«Դեկտեմբերի 2-ին ինձ բերման ենթարկելիս ձեռնաշղթաները չափից շատ նեղ հագցնելու, այդ վիճակում մոտ 30-40 մետր քարշ տալու, այնուհետև ավելի քան 2 ժամ նույն վիճակում պահելու և ձեռնաշղթաները չարձակելու պատճառով ստացել եմ մարմնական վնասվածքներ՝ ձեռքերի՝ հատկապես ձախ ձեռքի և դեպի բթամատը ձգվող մասում: Խնդրում եմ տրամադրել դատաբժշկի ուղեգիր վնասվածքների հանգամանքները պարզելու համար: Միևնույն ժամանակ խնդրում եմ պարզաբանել երեկ երեկոյան ինձ ավելի քան կես ժամ սպասեցնելուց հետո (մինչև ժամը 18:10 -ը) ինչո՞ւ այնպես էլ ինձ չտրամադրեցիք ինձ բերման ենթարկելու և կազմված փաստաթղթերի լուսապատճենները: Նշում եմ՝ դա այն դեպքում, երբ արդեն մոտ 3.5 ժամ անազատության մեջ էիք պահել, իսկ ևս կես ժամ այդպես պահեցիք 4-5 թերթ փաստաթղթերը իբր քսերոքս անելու համար:
Խնդրում եմ, հիշյալ փաստաթղթերն ինձ տրամադրել որքան հնարավոր է շուտ», – ասված է Վարդգես Գասպարիի դիմումում: