Ինչո՞ւ է Կառավարությունը գումար տրամադրել «Ինչ, որտեղ, երբ» ռուսաստանյան հաղորդման արտոնագիրը գնելու համար, եթե դրանով խախտվում է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին», ինչպես նաև «Լեզվի մասին» օրենքը: Այս հարցն այսօր ՀՀ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ բարձրացրել է ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը։
Վերջինս հիշեցրել է, որ Կառավարությունը ներդրումը բացատրել է նրանով, որ զարկ է տրվում ինտելեկտուալ զարգացմանը: Պատգամավորը նշել է, որ բազում միջազգային հաղորդումներ են անկցացվում Հայաստանում, սակայն դրանց ժամանակ օգտագործվում է հայերենը, օրինակ, հոլանդական «Ձայնը» նախագծի դեպքում, մինչդեռ «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Ինչ, որտեղ, երբ»-ը ռուսերենով է անցկացվում։
Հարցին պատասխանել է ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը:
«Կա երկու առաձին բան՝ խաղը, որը մրցակցային է, և ինտելեկտուալ շարժում, որն իր մեջ ներառում է բազում այլ մրցույթներ, օրինակ, Վարչապետի գավաթը, որին մասնակցում են նախարարությունների աշխատակիցները: «Ինչ, որտեղ, երբ»-ը միջազգային խաղ է, ունի միջազգային լիգա, որի աշխատանքային լեզուն ռուսերենն է»,- ասել է նա:
Գաբրիելյանի խոսքով՝ այդ խաղը, իրոք, ինտելեկտուալ շարժման մաս է կազմում, քանի որ դրա կարկառուն մասնակիցներից մեկը Հ1-ով վարում է հաղորդում՝ հայերեն լեզվով:
Արզումանյանը հակադարձել է՝ եթե միջազգային լիգայի աշխատանքային լեզուն ռուսերենն է, չի նշանակում, որ Հայաստանում հաղորդումը պետք է ռուսերեն անցկացվի:
«ՈՒԷՖԱ-ի պաշտոնական լեզուն էլ ֆրանսերենն է, Ռուբեն Հայրապետյանը (Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ – խմբ․) ֆրանսերենի մեծ վարպե՞տ է»,- ասել է Ալեքսանդր Արզումանյանը: