հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / Կենսաթոշակային համակարգը ուժի մեջ կմտնի հունվարի 1-ից, որոշեց ՀՀԿ-ն (թարմացված)

Կենսաթոշակային համակարգը ուժի մեջ կմտնի հունվարի 1-ից, որոշեց ՀՀԿ-ն (թարմացված)

Իշխող կոալիցիայի մեջ մտնող երկու կուսակցությունները՝ ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը, դեմ են քվեարկել կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի կիրառումը մեկ տարով հետաձգելու առաջարկին: Հետաձգելուն կողմ են քվեարկել 45 պատգամավոր ՀԱԿ-ից, ԲՀԿ-ից, ՀՅԴ-ից և «Ժառանգությունից», սակայն դեմ քվեարկածների թիվը 54 է եղել։

ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի մտադրության մասին դեռևս քվեարկությունից առաջ հայտարարել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը։

Քվեարկության պահին տասնյակ մարդիկ կենսաթոշակային համակարգի ներդրման օրենքի դեմ բողոքի ակցիա են անցկացնում ԱԺ-ի մոտ։

Սահակյանի հայտարարությունից հետո ՀՅԴ-ական պատգամավոր Աղվան Վարդանյանը 20 րոպե ընդմիջում է խնդրել ու լրագրողների հետ զրույցում ասել է, որ հույս ունի, թե այդ ժամանակում ՀՀԿ-ական պատգամավորները «խելքները գլուխը կհավաքեն»։

ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, սակայն, լրագրողներին ասել է, որ ՀՀԿ-ն չի փոխի որոշումը, քանի որ օրենքն ընդունվել է 3 տարի առաջ, և այն ժամանակ ընդամենը 1 պատգամավոր է դեմ քվեարկել՝ Վիկտոր Դալլաքյանը, իսկ այսօր օրենքի դեմ բողոքող ՀՅԴ-ն և «Ժառանգությունը» չեն մասնակցել քվեարկությանը։

Քվեարկությունից հետո ՀՅԴ-ական Վահան Հովհաննիսյանն ԱԺ-ի մեծամասնությանը հորդորել է իջնել ներքև և ԱԺ-ի դիմաց կանգնած մարդկանց բացատրել իրենց որոշման տրամաբանությունը։

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն էլ ասել է, որ չընդունվեց խորհրդարանական տարբերակը, և այժմ իրենք այլ միջոցներ պետք է ընտրեն:

Նշենք, որ 4 խմբակցությունների և բողոքի ակցիայի կազմակերպիչների ներկայացուցիչները շարժվել են ՄԻՊ գրասենյակ՝ բողոք հանձնելու համար, ապա պատրաստվում են դիմել Սահմանադրական դատարան։