Գազի գնի հետ կապված գործարքով Ռուսաստանը անուղղակիորեն ֆինանսավորել է Հայաստանի իշխանությունների վերարտադրությունը։ Այս մասին իր այսօրվա առաջնորդողում գրում է «168 ժամ» պարբերականը՝ անդրադառնալով երեկ Ազգային ժողովում Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հնչեցրած հայտարարությանը, թե Հայաստանը 300 միլիոն պարտք ունի Ռուսաստանին գազի գնի համար։
«Բանակցությունները սկսվել են 2011 թվականից, և այդ ժամանակվանից միշտ ասել եմ, որ գազի գինը մեր երկրում մեր սպառողի համար չի փոխվելու։ Զուգահեռաբար բանակցություններ են ընթացել ռուսական կողմի հետ՝ գազի գները ֆիքսելու ավելի երկարատև ժամանակաշրջանի համար, որովհետև ամեն տարվա փոփոխությունները բավական ծանր վիճակ են ստեղծում հանրապետության համար։ Բանակցություններն ավարտվեցին այս տարի, և պայմանավորվածությունը մինչև 2018 թվականն է։ Այս ընթացքում այն լրացուցիչ բեռը, որն առաջանում է «ՀայՌուսգազարդի» վրա, կազմում է շուրջ 1․1 միլիարդ դոլար, որից 600 միլիոն դոլարն այսօրվանից մինչև չորս տարի անց պետք է առաջանար։ 300 միլիոն դոլար պարտքն էլ առաջացել է ապրիլի 1-ից առ այսօր», – հայտարարել է Արմեն Մովսիսյանը՝ ավելացնելով, թե ռուսական կողմի հետ բանակցությունների արդյունքում ՀՀ կառավարությունը հասել է նրան, որ 300 միլիոն դոլար առաջացած պարտքի, մասնավորապես, կեսը վճարելու է Հայաստանը, մյուս կեսը՝ ռուսական կողմը։
«168 ժամը» ընդգծում է, որ Արմեն Մովսիսյանն, իհարկե, չի դավաճանել վերջին տարիների իր գործելաոճին՝ գազի գնի վերաբերյալ խոսել այնպես, որ հնարավորինս դժվար լինի հասկանալ իրականությունը։
«Իսկ իրականությունն այն է, որ Հայաստանը 2011թ.ից գազը գնել է թանկ գնով, սակայն այդ մասին հայտարարվել է միայն 2013թ. ամռանը, քանի որ մինչ այդ Հայաստանում տեղի են ունեցել խորհրդարանական, նախագահական և Երևանի ավագանու ընտրությունները, որոնցից առաջ գազի թանկացման մասին հայտարարելը կարող էր սոցիալական լուրջ բողոք առաջացնել և իշխանությանը թույլ չտալ վերարտադրվել։
Այլ կերպ ասած, այս գործարքով Ռուսաստանն անուղղակիորեն ֆինանսավորել է Հայաստանի իշխանությունների վերարտադրությունը, ինչի համար էլ «ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերի 20 տոկոսը փոխանցվեց «Գազպրոմին»։ Իսկ Արմեն Մովսիսյանի հայտարարությունը, որ գազի գինն անփոփոխ է մնալու մինչև 2018թ., վկայում է այն մասին, որ ռուսներն այդպիսով «ֆինանսավորում» են գործող իշխանության պահպանումը՝ մինչև հաջորդ նախագահական ընտրություններ», – գրում է թերթը։