Այսօր Երևանում ավտոմեքենանարով ակցիա են անցկացնում «Դեմ եմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին» նախաձեռնության անդամները։
Արձագանքելով երեկ ՀՀ ԱԺ-ի կողմից անցկացված քվեարկությանը, որով պատգամավորների մեծամասնությունը մերժել էր առաջարկը՝ 1 տարով հետաձգել կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի կիրառումը, ակցիայի կազմակերպիչները մեքենաներով շրջում են Երևանի փողոցներով և բարձրախոսով իրազեկում մարդկանց, թե նրանց աշխատավարձերը 2014 թվականի հունվարի 1-ից նվազելու են։
Ակցիայի կազմակերպիչները կոչ են անում միանալ իրենց պայքարին։ Նրանք նշում են, որ հունվարի մեկից իրենց շարքերը կավելանան, և, օրենքի մեջ փոփոխություն չմտցնելու դեպքում, իրենք պատրաստ են քաղաքացիական անհնազանդություն դրսևորել, ընդհուպ մինչև ՀՀԿ-ականներին պատկանող օբյեկտները՝ բենզալցակայանները, խանութները, ռեստորանները բոյկոտելը։