Սայաթ-Նովա 10-12 հասցեում «Լարկո գրուպ» ընկերության կողմից իրականացվող շինարարության ընթացքում այս գիշեր փլուզվել է բակ մտնող միակ ճանապարհի մի հատվածը։ Արդեն մի քանի ամիս շինարարության դեմ բողոքող բնակիչների խոսքով՝ ծանր տեխնիկայի աշխատանքի հետևանքով տեղի ունեցած փլուզումը վնասել է ոչ միայն ճանապարհը, այլև այն սպառնում է Նալբանդյան 25ա հասցեում գտնվող վթարային շենքի անվտանգությունը։ Այսօր տարածք այցելած Еpress.am-ի թղթակցի հետ զրույցում բակի բնակիչները նշել են, որ իրենց անհանգստությունն ու մտահոգությունները չեն կիսում պատկան մարմինները, ավելին՝ «սառնասրտորեն շրջանցում են Սայաթ Նովայի հետ կապված բոլոր խնդիրները»։
Մեր թղթակցի հետ զրույցում բակի բնակիչ Ռաֆայել Հովսեփյանը նշել է, որ շատ հնարավոր է փլուզումը շարունակվի, երբ աղբատար մեքնենան կամ ցանկացած բեռնատար անցնի բակով։
«Ահազանգել ենք ԱԻՆ, եկան, ֆիքսեցին ու գնացին։ Ոչ մի կոնկրետ բան չեն ասում, կամ էլ ասում են գնացեք, բողոքեք, նույնը խորհուրդ են տալիս ոստիկանությունում ու այն դեպքում, երբ որևէ մեկը փորձի պատուհան փոխել՝ կգան ու կկանգնեն գլխին։ Առավոտից փորձում եմ մեքենաս հանել գարաժից, ոչ մի կերպ չեմ կարողանում, ճանապարհ չկա»,- ասել է Հովսեփյանը։
Բակի լիազոր Անաիդա Հովսեփյանը պատմել է՝ ինչպես են փլուզման հետևանքով բացվել շենքի հոսանքի լարերը, ջրի խողովակներն ու կոյուղագծերը։
«Ստեղ հողը լցոն է, եթե գրունտ լիներ, նման բան չէր լինի, ինչին ձեռք տան՝ սողալով գնալու է։ Շինարարն ասում է, որ իրենք կամրացնեն, մինչդեռ նախատեսված 70 քմ-ից 7 մետր էլ առաջ են եկել ու քանդել մեր ճանապարհը։ Եթե առանց ամաչելու հայտարարում են, որ փողոցը իրենց տարածքն է ՝ էլ ինչ ասենք»,- ասել է Հովսեփյանը։
Սայաթ Նովա 10 շենքի լիազոր Ռուզաննա Ադամյանն էլ ընդգծել է, որ ամենասարսափելին այն է, որ չգիտեն՝ ում բողոքել։
«Տեր չկա՝ մի մարդու պատճառով հազարավոր մարդիկ տուժեն ջրից, լույսից և ճանապարհից։ Թե ի՞նչն է ոգեշնչել մեր ղեկավարությանը՝ չգիտեմ, որ այսքան արտոնություն են իրենց տվել», – եզրափակել է Ադամյանը։