Իրավապաշտպան Լալա Ասլիկյանի տեսախցիկը խլելու փաստի առթիվ ծառայողական քննությունը Ոստիկանությունում շարունակվում է: Այս մասին Ասլիկյանին հայտնել են ոստիկանությունում, որտեղ նրան կանչել էին բացատություն տալու համար: Իրավապաշտպանը ոստիկանությունում պատմել է, թե ինչպես են իր տեսախցիկը վերցրել՝ դեկտեմբերի 2-ին՝ Վլադիմիր Պուտինի այցի դեմ կազմակերպված երթի ժամանակ: Լալա Ասլիկյանը չի ներկայացրել իր նկատմամբ բռնություն կիրառած ոստիկանների լուսանկարները, սակայն տեղեկացրել է, որ միջադեպը ֆիքսել են մի քանի ԶԼՄ-ների տեսախցիկներ:
Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել Ամիրյան-Զաքյան խաչմերուկում։ Ասլիկյանին՝ երթի մի քանի այլ մասնակիցների հետ միասին, մտցրել են ոստիկանության մեծ մեքենան։ Ասլիկյանը փորձել է նկարահանումներ անել մեքենայում, սակայն ոստիկանները նրան դուրս են բերել՝ խլելով տեսախցիկը։
Ասլիկյանը պահանջել է վերադարձնել այն, բայց ոստիկանները նրան կոպիտ ձևով հեռացրել են տարածքից։ Քիչ անց ակտիվիստին մոտեցել են ոստիկաններ և խնդրել են գնալ և վերցնել տեսախցիկը: Մինչ Ասլիկյանը կանգ է առել և սպասել, որ տեսախցիկն իրեն վերադարձնեն, մի քանի ոստիկաններ բերման են ենթարկել նրան և տեղափոխել Ոստիկանության Կենտրոնի բաժին: