2012 թվականի նոյեմբերի 5-ին ոստիկանության կենտրոնական բաժին բերման ենթարկված Տավրոս Ոսկանյանին, հոգեբանական ճնշումների ենթարկելով, ստիպել են ընդունել իրեն մեղասագրվող արարքը՝ օգտագործելով վերջինիս կնոջ հղի լինելու հանգամանքը։ Այս մասին Еpress.am-ի հետ զրույցում պատմել է Ոսկանյանի կինը՝ Արմինե Պողոսյանը։
Նրա խոսքով՝ մինչ բնակարանային գողության մեջ մեղադրվող ամուսինը կգրեր մեղայականը, բաժնում իր հասցեին տարատեսակ ապառնալիքներ են հնչեցվել։
«Բաժին մտնելու առաջին իսկ վայրկյաններից ինձ հետ շատ ագրեսիվ էին վարվում, սպառնում էին ձերբակալել, ասում էին, թե ինձ նույնպես մեղադրանքներ կառաջադրեն ու կձերբակալեն, ինչպես նաև կնկարեն ու «02»-ով ցույց կտան։ Հետո հասկացան, որ գիտեմ օրենքները՝ մի փոքր փոխեցին վերաբերմունքը, ագրեսիան դադարեցրեցին։ Երկար աշխատանքներ տանելուց հետո՝ կեսգիշերին, պետի տեղակալ Պապյանն ինձ համոզում էր, թե ինձ բաց կթողնեն մի պայմանով՝ «եթե ամուսնուդ համոզես մեղայական գրի ու էսպիսով ամբողջ հարցը կփակվի»», – պատմել է Պողոսյանը։
Նա շեշտել է, որ մինչ այդ պահը ինքը բազմաթիվ անգամներ խնդրել է, որպեսզի իրեն թույլ տան տեսակցել ամուսնուն, սակայն բաժնում ասել են, թե բացառվում է, իսկ արդեն կեսգիշերին մոտ կնոջ առջև պայման են դրել՝ «ցանկացած հնար կիրառելով՝ համոզել ամուսնուն ինքնախոստովանական ցուցմունք տալ»։ Պողոսյանն ասել է, որ նոր էր իմացել իր հղիության մասին ու այդ պահին՝ ոստիկանական բաժնում, իրեն վատ է զգացել, սակայն այդ փաստը չի կանգնեցրել ոստիկաններին, այլ լրացուցիչ ճնշման միջոց է դարձել։
«Ստիպում էին, որ, հղիության փաստը օգտագործելով, ամուսնուս վրա ճնշում գործադրեմ։ Ցավոք՝ անունները չեմ հիշում, որովհետև ամբողջ ընթացքում ոչ ոք չի բարեհաճել ներկայանալ, դրա համար էլ ոչ պաշտոնները գիտեմ, ոչ էլ՝ անուն-ազգանունները։ Առավոտյան ժամը 11-ից մինչև կեսգիշեր ոստիկանությունում ինձ սթրեսի տակ են պահել՝ հաշվի չառնելով հղիությունս։ Այնուհետ, երբ Պապյանը հետս զրուցեց ու համոզվեց, որ նորմալ կին եմ, մտավ պետի մոտ ու ասաց, որ չարժե ինձ հետ նման կերպ վարվել՝ մարտավարությունը փոխվեց։ Ամեն դեպքում հղի կնոջն իրենք շուրջ 14 ժամ սոված-ծարավ պահել են բաժնում ու թույլ չեն տվել տուն գնալ՝ անգամ ուշադրություն չդարձնելով խնդրանքիս, որ հղի եմ ու վատ եմ զգում։ Անընդհատ խնդրում էի, որ տուն գնամ, ինձ ասում էին, որ «հնարավոր է՝ քեզ էլ ձերբակալենք, չենք թողնի տուն գնաս»։ Այդ ամբողջ ընթացքում ինձ երկու ոստիկաններ միաժամանակ հսկել են, կարծես թե փախնելու էի», – պատմել է մեր զրուցակիցը։
Վերջինիս թույլ են տվել տուն գնալ միայն այն բանից հետո, երբ ամուսինը, իամանլով, թե ինչպես են վարվում կնոջ հետ, ինքնախոստովանական ցուցմունք է գրել։
Նշենք, որ Պողոսյանը հղիության ընթացքում կորցրել է երեխային։
Ամուսինները բողոքել են ոստիկանների գործողությունների դեմ։ Պողոսյանի խոսքով՝ ՀՔԾ-ում գործը քննող քննիչ Վեքիլյանը պատրաստակամորեն լսել է իրեն, խոստացել է, որ անսահմանափակ ժամանակ կտրամադրի ցուցմունք գրելուն։ Քննիչին հետագայում փոխել են, իսկ նոր քննիչը՝ Պողոսյանը ոչ մի առերեսում կամ հարցում չի արել, ապա որոշել է, որ բողոքը հիմնավոր չէ։
«Ինձ անգամ չեն բարեհաճել տեղեկացնել, որ գործի քննությունը փակվել է։ Որոշման մեջ ներկայացված են մի շարք խեղաթյուրված փաստեր», – ասել է Պողոսյանը։
Նրա խոսքով՝ ամբողջ որոշման մեջ բացակայում են իրենց փաստարկները։ Ոսկանյանը բանտից փորձել է բողոքարկել ՀՔԾ-ի քննիչի որոշումը, սակայն խոչընդոտների է հանդիպել։
«Հետաքրքիրը այն է, որ նոյեմբերի 29-ի՝ բողոքարկման վերջին օրը երկու անգամ մերժվել էր ամուսնուս դիմումը, հետո էլ զգուշացվել էր, թե՝ «խելոք նստի տեղդ, եթե ուզում ես, որ քեզ նորմալ վերաբերվեն։ Ոչ մի դիմում դուրս չի գալու հիմնարկից»։ Ստիպված ես եմ դիմում գրել, ու մինչև հիմա պատասխան չկա», – նշել է մեր զրուցակիցը։
Պողոսյանը համոզված է, որ ամուսնու վրա «գործը սարքում են», քանի որ նախկինում դատվածություն է ունեցել գողությունների համար։ Իրականում, կնոջ խոսքով, դատարանում Ոսկանյանին վերագրվող 6 դրվագներից և ոչ մեկով ապացույցներ չկան։ Պողոսյանը պատմել է, որ մեկ դրվագով անգամ հաստատվել է, որ ամուսինները գողության պահին, որը կատարվել է Երևանի 16-րդ թաղամասում, գտնվել են քաղաքի կենտրոնում։
Նշենք, որ այս շաբաթվանից Ոսկանյանի գործով զբաղվում է «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպությունը, որը մեղադրյալին փաստաբան է տրամադրել։