Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ու Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ԱՊՀ երկրների նախագահների հանդեպ վստահության վարկանիշի առաջատարներն են։ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն արժանացել է ռուսաստանցիների վստահության ցածր տոկոսի։ Այս մասին վկայում են Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի հարցման՝ դեկտեմբերի 10-ին հրապարակված տվյալները։
«Պետությունների ղեկավարների հանդեպ վստահության վարկանիշի առաջատարները, ռուսաստանցիների կարծիքով, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն (41%) ու Ղազախստանի նախագահ Նուրսուլտան Նազարբաևն են (33%)»,- ասվում է հարցման մեջ։
Հարցման տվյալներով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն արժանացել է հարցվածների 5 տոկոսի վստահությանը։ Ղրղզստանի, Ուզբեկստանի, Հայաստանի, Թուրքմենստանի, Տաջիկստանի, Վրաստանի, Մոլդովայի նախագահներին վստահում է հարցվածների շատ փոքր տոկոսը (1-ից 3%)։
Հարցումն անկացվել է 2013 թ-ի նոյեմբերի 16 – 17-ին։ Հարցմանը մասնակցել է 1,6 հազար մարդ Ռուսաստանի տարբեր բնակվայրերում։ Վիճակագրական սխալը չի գերազանցում 3,4%-ը։