Ամանորին ընդառաջ պետք չէ շտապողականություն ցուցաբերել ու անպայման պետք է որոշակի ուսումնասիրություն կատարել, հասկանալ շուկան, այնուհետ գնումներ կատարել։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասել է «Իրազեկ և պաշտպանված սպառող» Հ/Կ -ի ղեկավար Բաբկեն Պիպոյանը։
Նա նշել է, թե նախատոնական թանկացումներ լինելու են, ինչպես սովորաբար եղել են՝ «կբարձրանա պտուղ -բանջարեղենի գինը, իսկ ընդեղենը հավանաբար չի թանկանա, որովհետև արդեն թանկացել է»։
«Դատելով շուկայում առկա գներից՝ մսամթերքն, ամենայն հավանականությամբ, չի թանկանա: Մսի՝ նորմայից ցածր գինը պայմանավորված է այն հանգամանքով, որ գյուղացին այլևս չի կարողանում անասուն պահել: Սակայն հետո մսի անխուսափելի դեֆիցիտի արդյունքում կունենանք բարձր գներ։ Թանկացում կնկատվի Ամանորի հետ անմիջական առնչություն ունեցող աքսեսուարների, խաղալիքների մասով: Քիչ չեն դեպքերը, երբ 400 դրամ ինքնարժեք ունեցող տոնածառի խաղալիքը փաթեթավորվում է 20 դրամանոց մի տոպրակով և վաճառվում, ասենք, 1000 դրամով», – ասել է բանախոսը։
Անդրադառնալով հագուստի շուկային՝ Պիպոյանը նշել է, որ եթե մեծահասակների հագուստների գներում թանկացումներ չեն նկատվում, ապա մանկական հագուստների ակցիաները խաբկանքի էֆեկտ են կրում։
«Մարքետինգային խաբկանքի էֆեկտով շատերը այսօր այնպիսի զեղչեր են հայտարարում, ասենք, 80 տոկոս, որ թվում է, թե մտնելու ես խանութ ու գումար չես վճարելու, այլ իրենք են քեզ նվիրելու։ Պարզվում է, որ 80 տոկոս զեղչով հագուստը արժե 30 հազար դրամ, մինչդեռ դժվար թե մինչև զեղչելը 300 հազար դրամ արժեցած լիներ։ Դրանք խաբկանքներ են ու այստեղ հարկավոր է իրազեկված լինել», -ասել է բանախոսը։
Վերջինիս խոսքով՝ իրենք շուկայում ուսումնասիրություններ են կատարում և դրա ավարտին տվյալները տրամադրելու են ՏՄՊՊՀ-ին։