Գյումրիում շտապ օգնության բժշկին ծեծի ենթարկած ու նրա մահվան մեջ մեղադրվող 30-ամյա Արտակ Կարապետյանը, ով դատապարտվել էր 15 տարվա ազատազրկման ու գտնվում է «Արթիկ» ՔԿՀ-ում, արդեն մեկ ամիս է, ինչ կարել է բերանը և խոստացել, որ չի քանդի այնքան ժամանակ, մինչև գործը չվերանայեն ու որոշումը չփոխեն։ Այս մասին այսօր Epress.am-ի հետ զրույցում պատմել է Կարապետյանի փաստաբան Թամարա Յայլոյանը:
Նշենք, որ դիտավորյալ սպանություն իրականացնելու համար դատապարտված Արտակ Կարապետյանը իր հորը օգնություն ցույց տալու կանչված շտապօգնության 65-ամյա բժիշկ Աշոտ Գրիգորյանին հայհոյել էր, և հարվածել, ինչի հետևանքով բժիշկը մահացել էր:
Դատապարտյալը մի քանի անգամ տարբեր եղանակներով բողոքել է դատարանի կայացրած որոշման դեմ՝ կարել է բերանը, հացադուլ հայտարարել, ինչպես նաև, դոմինոյի քար կուլ տալով, փորձել է ինքնավնասվել։
«Մինչ այս ջրադուլ էր հայտարարել, սակայն մարզի դատախազության աշխատակից Հայկ Հակոբյանի հորդորներից հետո ջրադուլը դադարեցրեց։ Վիճակը շատ վատ է, հայրն է տեսակցել, պատմում է, որ Արտակը պնդել է, թե չի դադարեցնի հացադուլը՝ անգամ եթե մահանա։ Ճնշման հետ խնդիրներ ունի, բերանի կարերն են բորբոքվել, շատ ծանր, շատ վատ վիճակում է», – ասել է փաստաբանը։
Վերջինս նշել է, թե ինքն անձամբ չի տեսակցել Կարապետյանին, քանի որ գործը ավարտվել է ու այս փուլում ինքը դիմումներ է գրում, խորհրդատվություն տալիս և հաճախակի այցելում է դատախազություն, պարզելու՝ ինչ ընթացք է ունենալու գործը։
Հիշեցնենք, որ դատական նիստերից մեկի ժամանակ փաստաբանը միջնորդել էր արտաշիրիմում անել, ինչը դատարանը մերժել էր: Համաձայն պաշտպանական կողմի՝ արտաշիրիմումից հետո կարող էր պարզվել, որ բժիշկը Կարապետյանի հասցրած հարվածների հետևանքով չի մահացել: