ՀՀ կառավարության առաջիկա նիստի օրակարգում է Երևանի Դավիթ Անհաղթ փողոցի վրա գտնվող շենքերից մեկի մոտ 480 քմ տարածքի սեփականաշնորհման հարցը։ Այդ տարածքն այժմ օգտագործում է ««Այ Փի Էս Սի» քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտ» ՍՊԸ–ի կողմից, որն էլ հանդիսանալու է տւարածքի գնորդը, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։
Տարածքը նշված ընկերությանն է վաճառվելու մոտ 31 միլիոն դրամով։ Այսինքն, մեկ քմ-ի գինը կազմելու է մոտ 65 հազար դրամ։ Սակայն թերթը նշում է, որ ՀՀ պետական կադաստրի տվյալներով, Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում, որտեղ գտնվում է նշված շենքը, մեկ քմ-ի միջին շուկայական գինը այս տարվա երրորդ եռամսյակում կազմել է ավելի քան 282 հազար դրամ։
«Փաստորեն, նշված ՍՊԸ-ն տարածքը ձեռք է բերելու շուկայականից 4.3 անգամ ավելի ցածր գնով։ Իհարկե, նախատեսվում է, որ ՍՊԸ–ն պետք է ներդրումներ կատարի, և վերանորոգում իրականացնի, բայց այդ ծախսերը ներառելու դեպքում էլ ՍՊԸ–ն տարածքը ձեռք կբերի շուկայականից 3-3.5 անգամ էժան գնով։ ՀՀ կառավարության նման առատաձեռնությունը կարող է պայմանավորված լինել «Այ Փի էս Սի» կազմակերպության գործունեությամբ։ Այս տարվա փետրվարին՝ նախագահական ընտրություններից ընդամենը մի քանի շաբաթ առաջ, այս ընկերությունը սոցիոլոգիական հարցում էր անցկացրել և «պարզել», որ Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահական ընտրություններում կստանա 13.3 տոկոս ձայն և այդ «օբյեկտիվ» հարցման արդյունքները իշխանական լրատվամիջոցները լայնորեն շրջանառում էին թեկնածուի դեմ թաքնված հակաքարոզչություն իրականացնելու նպատակով»,– նշում է թերթը։
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում