Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունների զարգացմանը նվիրված միջոցառումների շարքի երրորդ հանդիպմանը քննարկվել է «Կա արդյոք կյանք Վիլնյուսից հետո» թեման։
Հանդիպմանը, սակայն, չէին ներկայացել Հայաստանում Եվրամիության դեսպան Տրայան Հրիսթեան և ՀՀ փոխարտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, թեև վերջիններս հրավիրվել էին հանդիպմանը կազմակերպչի՝ «Բաց հասարակություն հիմնադրամներ-Հայաստան»-ի կողմից։
«Բաց հասարակություն հիմնադրամներ-Հայաստան» գրասենյակի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանն իր բացման խոսքում արձանագրել է, որ հրավիրված պաշտոնյաները չեն ժամանել և նշված գերատեսչություններից այլ պատվիրակներ չեն ուղարկվել:
Մինասյանն ասել է՝ եթե դահլիճում կան պետական կառույցների ներկայացուցիչներ, ապա նրանք կարող են ներկայանալ և մասնակցել քննարկմանը, որպեսզի այն շատ միակողմանի չստացվի և միայն քաղաքացիական հասարակության անդամների կարծիքը չհնչի:
Այնուամենայնիվ, հյուրերի բացակայության պատճառով օրակարգը փոխվել է, և ելույթներ են ունեցել հրավիրված ՀԿ-ների ներկայացուցիչները՝ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը և ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
Լևոն Բարսեղյանը նախ մեկնաբանել է հայաստանցի պաշտոնյաների բացակաությունը՝ ասելով, որ հավանաբար նրանք չեն եկել, քանի որ զբաղված են Հայաստանի՝ Մաքսային միությանը անդամակցելու հարցով:
Բարսեղյանն այնուհետև հիշեցրել է, որ նոյեմբերի վերջին Վիլնյուսում կայացած գագաթաժողովի ընթացքում Հայաստանի և ԵՄ-ի միջև ստորագրվել է ընդամենը հայտարարություն՝ «մի ողորմելի փաստաթուղթ»: Բարսեղյանը նաև համեմատել է Հայաստանի և Ուկրաինայի հասարակությունների արձագանքները ԵՄ-ի հետ Ասոցացման պայմանագիրը չստորագրելու հետ կապված: Ըստ նրա՝ Ուկրաինայում իշխանությունների որոշմանը դիմադրությունն ավելի մեծ էր, քանի որ այնտեղ ընդդիմադիր քաղաքական ուժերն ունեն ֆինանսական անկախություն, ուկրաինական սփյուռքը հստակ դիրքորոշում ունի և ցանկանում է Ուկրաինան տեսնել ԵՄ-ում:
Արթուր Սաքունցը նշել է, որ Սերժ Սարգսյանը միանձնյա է կայացրել Մաքսային միություն մտնելու որոշումը և դա չի արտացոլում հայ հասարակության տեսակետը:
«22 տարվա ընթացքում, ցավոք, մենք չկարողացանք դուրս գալ Երկրորդ Հանրապետության տիրույթից, ունենք նույն խնդիրները, նույն ազդեցությունը Ռուսաստանի կողմից»,- ասել է նա:
Հանդիպմանը ներկա Հայաստանում Լիտվիայի դեսպան Էրիկաս Պետրիկասն ավելի լավատեսական է տրամադրված եղել։ Նա ասել է, որ Վիլնյուսով կյանքը չի ավարտվում, դրանից հետո գալու է Ռիգան (նկատի ունի գալիք տարի Ռիգայում կայանալիք գագաթնաժողովը): Պետրիկասի խոսքով՝ այնպես չէ, թե Վիլնյուսի գագաթաժողովին նախորդած Հայաստանի և ԵՄ-ի միջև աշխատանքները ապարդյուն են անցել: