Դեկտեմբերի 16-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ժակ Ֆորին, Ջեյմս Ուորլիքին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:
Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳ նախարարության մամուլի գրասնեյակը, զրույցի ընթացքում շարունակվել են քննարկումները ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը առաջ մղելու վերաբերյալ:
Հայաստանի արտգործնախարարը համանախագահների ուշադրությունն է հրավիրել Տավուշի մարզի սահմանային գոտում ադրբեջանական կողմից արձակած կրակի հետևանքով դեկտեմբերի 14-ին հայ զինծառայողի մահվան վրա:
Համաձայն պաշտոնական հաղորդագրության, Նալբանդյանն ընդգծել է, որ, չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահ երկրների կողմից բազմիցս հնչող հրադադարի ամրապնդման անհրաժեշտության մասին կոչերին, հայ-ադրբեջանական սահմանին և Ադրբեջանի ու Արցախի միջև շփման գծում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի մշտական խախտումների զոհ են դառնում ոչ միայն զինծառայողներ, այլև քաղաքացիական անձինք, գնդակոծվում են քաղաքացիական օբյեկտներ։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ «նման սադրանքները խոչընդոտում են խաղաղ կարգավորման ուղղությամբ համանախագահների և Հայաստանի կողմից գործադրվող ջանքերը»:
Հանդիպմանն արծարծվել է հաջորդ տարեսկզբին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների նոր հանդիպում կազմակերպելու հնարավորությունը: