ԱԺ չորս խմբակցությունները` ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, «Ժառանգությունը», և «Դեմ ենք պարտադիր կուտակային կենսաթոշակին» նախաձեռնությունը, ինչպես նաև օրենքին դեմ անհատ քաղաքացիները, այսօր հավաքվել են Ազատության հրապարակում և երթ են կազմակերպել դեպի Սահմանադրական դատարան:
Սահմանադրական դատարանում խմբակցությունների ներկայացուցիչները հանձնել են իրենց դիմումը: Նշենք, որ քաղաքական ուժերը պահանջում են դատարանից «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի մի շարք դրույթներ հակասահմանադրական ճանաչել: Նախաձեռնությունն ու քաղաքական ուժերը, մասնավորապես, համաձայն չեն կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի ներդրմանը։
Մինչ ՍԴ-ի կողմից որոշում կայացնելը՝ դիմողները միջնորդում են, որպեսզի ՍԴ-ն կասեցնի 2014թ. հունվարի 1-ից օրենքի գործադրումը կամ առնվազն հետաձգի այն մինչև որոշում կայացնելը: Երթի մասնակցիները ՍԴ են գնացել՝ վանկարելով «վերջին ատյանը քաղաքացին է», «դեմ ենք կուտակայինին»: Երթի ընթացքում Մաշտոցի և Բաղրամյան պողոտաների երթևեկությունը կասեցվել է:
Երթը սկսելուց առաջ ելույթներ են ունեցել կուսակցությունների անդամները: ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը կոչ է արել երիտասարդներին չխաբնվել և չհավատալ, թե գործատուներն իրենց փոխարեն կվճարեն կուտակային համակարգի գումարները: ՀՅԴ-ական պատգամավոր Արմեն Ռուստամյանն ասել է, որ ամեն իրավական մեթոդ պետք է գործի դնել խնդիրը լուծելու համար: Նրա խոսքով՝ այս օրենքը դեմ է հայկական ավանդույթներին, քանի որ հայկական ընտանիքներում երիտասարդ սերունդը պետք է իր ծնողներին պահի:
Ելույթ է ունեցել նաև «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության անդամ Վահագն Խաչատրյանը, ով ասել է, որ այն համակարգը, որը փորձում են կիրառել Հայաստանի իշխանությունները, այլ երկրներում չկա, անգամ Չիլիում, որի օրինակը միշտ բերում են իշխանությունները:
Խաչատրյանը ողջունել է երիտասարդների պայքարը կուտակայինի դեմ, սակայն հորդորել է նրանց լուծման քաղաքական ճանապարհից չխուսափել, քանի որ «կուլտուրական քննարկումները որևէ արդյունքի չեն բերի»։ ՀԱԿ-ի ներկայացուցչի խոսքով՝ իշխանություններ համար սա մի միջոց է փող հավաքելու, և դա նույնիսկ վարչապետը չի հերքում: Խաչատրյանն ասել է՝ իշխանությունները կզիջեն միայն այն դեպքում, երբ ուժ տեսնեն: