Մեր ընտանիքի դեմ այս պետությունում խաղ չկա, այսպիսի հայտարարություն է արել Շիրակի մարզի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանը (լուսանկարում) «ֆինանսական բուրգի» գործով առերեսումներից մեկի ժամանակ։ Բաբակեխյանի և գործով անցնող վկա Արտակ Գալստյանի առերես հարցաքննությունից հատվածներ է ներկայացրել «Հայկական ժամանակ» օրաթերթը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ թերթը ներկայացրել էր գործի նյութերից հատվածներ, համաձայն որոնց Բաբակեխյանի և Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի ընտանիքի անդամները տոկոսով գումարներ են տվել Արթուր Անդրեասյանին, իսկ երբ վերջինս չի կարողացել վերադարձնել, սպառնալիքով տիրել են Անդրեասյանի մերձավորների գույքին։ Նազարյանն ու Բաբակեխյանը քննության ընթացքում հերքել են մեղադրանքները։
«ՀԺ»-ն գրում է, որ նախկին ոստիկան Արտակ Գալստյանի հետ առերեսմանը Բաբակեխյանը մի շարք նշանակալի հայտարարություններ է արել, մասնավորապես, նշելով, որ «վկաներին վերացնում են»։
Արտակ Գալստյանը դիմում է գրել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին՝ նշելով, որ առերես հարցաքննությունից մի հատված չի արձանագրվել, մասնավորապես հենց այն մասը, երբ Բաբակեխյանը խոսում է «վկաներին վերացնելու» մասին։ Գալստյանի պնդմամբ՝ առերեսումից հետո Կարեն Բաբակեխյանը հայտարարել է․ «Դու դատվելու ես»։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում
Լուսանկարը՝ asparez.am