Home / Հայաստան / Խոշոր կոռուպցիոն սկանդալ Թուրքիայում․ Էրդողանին կոչ են արել հրաժարական տալ

Խոշոր կոռուպցիոն սկանդալ Թուրքիայում․ Էրդողանին կոչ են արել հրաժարական տալ

Երեկ Թուրքիայում մի քանի նախարարների հարազատների, հայտնի գործարարների, մի շարք չինովնիկների են ձերբակալել կոռուպցիոն գործողությունների կասկածանքով։ Ինչպես նշում է Hurriyet Daily News-ը, կոռուպցիոն սկանդալը դժգոհության ալիք է բարձրացրել քաղաքական դաշտում՝ առիթ հանդիսանալով, որպեսզի ընդդիմադիր կուսակցությունները պահանջեն վարչապետի հրաժարականը։

Երեք տարբեր քրեական գործերի առնչությամբ ոստիկանությունը բերման է ենթարկել 52 մարդու, որոնք մեղադրվում են պետական նախագծերի իրականացման թույլտվության համար կաշառք ստանալու մեջ։ Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության մամուլի խոսնակն ասել է, որ կառավարությունը կգործադրի հնարավոր ջանքերը ճշմարտությունը պարզելու համար։

Ձերբակալվածների թվում են Թուրքիայի Ներքին գործերի նախարար Մուամեր Գյուլերի որդին՝ Բարիշ Գյուլերը, Էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանի որդին՝ Սալիհ Քաան Չաղլայանը, Շրջակա միջավայրի և քաղաքաշինություն նախարար Էրդողան Բայրաքթարի որդին՝ Աբդուլլահ Օգյուզ Բայրաքթարը, ինչպես նաև ադրբեջանցի գործարար Ռեզա Զարաբը։

Իրավապահ մարմինները նախարարություններում ստուգայցեր են անցկացրել 3 առանձին հետաքննությունների շրջանակներում։ Առաջին գործով անցնում է Ռեզա Զարաբը, ում կասկածում են հանցավոր խմբավորում ղեկավարելու մեջ։ Դեռևս 2012 թվականին մեկնարկած հետաքննության ընթացքում ոստիկանությունը նաև Halkbank-ի միջոցով Իրան կատարված անօրինական դրամական փոխանցումների դեպքեր է հայտնաբերել։ Զարաբը մեղադրվում է այս գործարքների համար կառավարության անդամներին ու բանկի ղեկավարներին կաշառելու, ինչպես նաև իր հարազատների ու ենթադրյալ հանցավոր խմբավորման անդամների համար ապօրինի կերպով Թուրքիայի քաղաքացիություն ձեռք բերելու մեջ։

Տարբեր հաղորդումների համաձայն՝ նմանատիպ մեղադրանքներ են առաջադրվել նաև նախարարներից մեկի նկատմամբ, ու դատախազները մտադիր են Խորհրդարանին խնդրել չեղյալ հայտարարել նրա քաղաքական անձեռնմխելիությունը։ Նախարարի անունն առայժմ չի նշվում։

Երկրորդ գործով հիմնական մեղադրյալը Աբդուլլահ Օգյուզ Բայրաքթարն է, ով կաշառք է վերցրել շինարարական ընկերություններից և ապահովել նրանց հաղթանակը պետական տենդերների ժամանակ այն վայրերում, որոնք գտնվում էին նրա հոր՝ քաղաքաշինություն նախարար Էրդողան Բայրաքթարի գերատեսչության պատասխանատվության ներքո։

Երրորդ գործը նույնպես վերաբերում է շինարարության ոլորտում մեքենայություններին, և այստեղ գլխավոր մեղադրյալն է Ստամբուլի Ֆաթիհ տարածաշրջանի քաղաքապետ Մուստաֆա Դեմիրը։

Ընդդիմադիր Հանրապետական Ժողովրդական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Էնգին Ալթայը տեղի ունեցածը համարել է «Թուրքիայի Հանրապետության պատմության ամենասկանդալային էջը» և կոչ է արել երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հրաժարական տալ։

DHA գործակալության լուսանկարում՝ Թուրքիայի ՆԳ նախարարի որդին՝ Բարիշ Գյուլերը