ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի հարազատ եղբայրը՝ մասնագիտությամբ իրավաբան Ռուբեն Մկրտումյանը, ՄԻՊ զեկույցը կարդալուց հետո որոշել է որպես իրազեկ անձնավորություն, որոշ մանրամասներ հաղորդել Արման Մկրտումյանի նյութական առաջխաղացման վերաբերյալ: Ռուբեն Մկրտումյանը «Հրապարակ» օրաթերթի հետ զրույցում ասել է, որ ՄԻ պաշտպանը չի սխալվում, և դատական համակարգն իրոք կոռումպացված է։
Մկրտումյան-կրտսերը պատմել է, որ իր եղբոր ունեցվածքը կտրուկ սկսել է ավելանալ՝ սկսած 1998 թվականից, երբ նա նշանակվել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ։
«Կարող եմ ասել, որ մինչև 98 թվականը նա աշխատում էր Նազարյան Վոլոդյայի ՍՊԸ-ում։ Նրանք զբաղվում էին Քաղաքացիական օրենսգրքի մշակմամբ։ Պարզ է, որ դա ոչ բիզնես էր, ոչ էլ եկամտաբեր աշխատանք։ Նրա ստացած աշխատավարձը 1995, 96, 97 թվականներին հազիվ էր բավարարում նրա ընտանեկան առօրյա հոգսերին։ 98 թվականի աշնանը նա պալատի նախագահ դարձավ, այսինքն, դատարկ տեղից ստացավ պաշտոն դատական համակարգում, իսկ 99-ին Թումանյան փողոցում, որտեղ որ նա բնակվում էր, «Թումանյանի շաուրմայի» շենքում երկու սենյականոց բնակարան գնեց՝ կես տարվա մեջ։ Հերքելով ՄԻՊ ընդդիմախոսներին՝ ասեմ, որ նա ժառանգություն չի ստացել, որովհետև եթե ստանար, ես էլ կստանայի, ես էլ էի ժառանգ, հայրը թոշակառու, մայրը, զոքանչը՝ իրենց հետ ապրող՝ թոշակառուներ, բիզնես չուներ։ Բացառում եմ այլ հիմքեր, որոնք հնարավորություն կտային այդ բնակարանն առնել։ Մյուս տարի՝ 2000 թվականին, նա իր և այդ բնակարանները միացրեց իրար և այդ ամբողջ տարածքի վերևի հարկում կառուցեց նոր բնակարան։ Նաև Պուշկին Սարյան խաչմերուկում երկու հարկանի ահռելի տուն, Թումանյանի վրա գտնվող նախկին «1000 ու մի մանրուք» խանութի մոտ դստեր անունով ևս մեկ բնակարան, Ձորաղբյուրում ևս մեկ տուն ձեռք բերեց, նաև արտասահմանյան մակնիշների մեքենաներ, արտասահմանում որդուն ուսման տվեց», – ասել է Ռուբեն Մկրտումյանը։
Վերջինս նաև նշել է, որ եղբայրը իրեն և իր ընտանիքին «հասցրել է անդունդի եզրին»։
Թերթը կապվել է Դատական դեպարտամենտի հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանի հետ և խնդրել է մեկնաբանել Ռուբեն Մկրտումյանի հայտնած տեղեկությունները։
Բաբայանը հայտնել է, որ Ռուբեն Մկրտումյանի կինը դատարանում գործ է ունեցել և դատաքննության ընթացքում պարտվել է։
«Դատական ակտը կայացվել է հակառակ կողմի օգտին, իսկ Վճռաբեկ դատարանի նախագահը չի միջամտել, հրաժարվել է, խախտելով օրենքը, «օգնել» իր եղբոր կնոջը՝ շահել գործը։ Ինչ մնում է Վճռաբեկ դատարանի նախագահի ունեցվածքին, ապա դրա ցանկն ամբողջությամբ հրապարակված է էթիկայի հանձնաժողովի կողմից», – ասել է Բաբայանը։
Ամբողջական հոդվածը՝ թերթի այսօրվա համարում