Վրաստանի ավելի քան 900 կալանավորներ հացադուլ են հայտարարել։ Ինչպես հայտնում է Newsgeorgia.ru-ն, այս մասին ասել է Վրաստանի պատիժների իրագործման և իրավական օգնության նախարար Սոզար Սուբարին։ Ակցիայի բոլոր մասնակիցներն իրենց պատիժը կրում են Գեղութի գյուղի թիվ 14 ուղղիչ հաստատությունում (Արևմտյան Վրաստան):
Նախարարի խոսքով՝ մեծամասնությունը բողոքում, որ դադարեցվել են աշխատանքները Վրաստանի արդարադատության թերություններով զբաղվող հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ։ Դրա ստեղծման մասին երկրի ղեկավարությունը հայտարարել էր նախորդ ձմռանը, սակայն հարցն այդպես էլ զարգացում չի ստացել։ Ենթադրվում էր, որ այդ հանձնաժողովի անդամները պետք է զբաղվեին նախորդ իշխանությունների օրոք՝ ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ ընդունված դատավճիռների վերանայմամբ։
Հացադուլի մասնակիցներից ոմանք, Սուբարիի խոսքով, պահանջում են վերացնել «գողական աշխարհին» անդամակցելու համար նախատեսված պատիժը (խոսքը Վրաստանի ՔՕ 223 հոդվածի առաջին կետի մասին է, որն օրենսգրքի մեջ է մտցվել «վարդերի հեղափոխություն»-ից հետո)։
«Հանձնաժողովի հետ կապված հացադուլավորների վերաբերյալ՝ կառավարությունն իր պատասխանը կտա․ մենք աշխատում ենք այդ ուղղությամբ։ Իսկ նրանք, ովքեր հացադուլ են անում 223-1 հոդվածի հետ կապված, զուր են քաղցած մնում, քանի որ քաղաքականությունը չի փոխվելու։ Ես ուղիղ եմ խոսում՝ շատ խիստ ու հստակ։ Դա կառավարության քաղաքականությունն է»,- նշել է նախարարը։