Ադրբեջանի պետական նավթային ընկերության՝ «Սոկարի» գովազդային վահանակները չեն տեղադրվելու հայաստանյան ստադիոններում Եվրո-2016-ի ընտրական փուլի հանդիպումների ժամանակ: Այս մասին «Արմենիա» հեռուստաընկերության «Ֆուտբոլի ժամը» հաղորդման ընթացքում հայտարարել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը:
«Սոկար» ընկերությունը Եվրո-2016-ի հովանավորներից է, և, համաձայն ՈՒԵՖԱ-ի հետ կնքած պայմանագրի, «Սոկարն» իր գովազդները պետք է տեղադրի ստադիոններում ընտրական փուլի հանդիպումների ժամանակ, ինչպես նաև ընկերության գովազդային հոլովակները հեռարձակվող խաղերի ընթացքում պետք է ցուցադրվեն հեռուստաեթերում:
Հայրապետյանը, սակայն նշել է, որ ՀՖՖ-ն բանակցել է ՈՒԵՖԱ-ի հետ և եվրոպական ֆուտբոլի ղեկավար կառույցը համաձայնել է բացառություն անել հայաստանյան ստադիոնների համար:
«Ես չգիտեմ` եթերով կլինի, թե ոչ, բայց մարզադաշտում, որը ղեկավարում եմ ես, այդ գովազդը չի լինի: Ես ՈՒԵՖԱ-ի հետ բանակցել եմ, որպեսզի հայկական մարզադաշտերում ադրբեջանական «Սոկարը» չլինի: Ես կարծում եմ՝ հեռուստաընկերություններն էլ ուշադիր պետք է լինեն, որ չգովազդեն ընկերությունը, որը ռազմամթերք է գնում այն երկրի համար, որը դա օգտագործում է մեր դեմ», – ասել է Հայրապետյանը: