Home / Տեսանյութեր / Բաղրամյան պողոտայից ուժի կիրառմամբ ակտիվիստների են բերման ենթարկել

Բաղրամյան պողոտայից ուժի կիրառմամբ ակտիվիստների են բերման ենթարկել

12։45-ի սահմաններում ոստիկանները Բաղրամյան պողոտայից բերման են ենթարկել ավելի քան 10-ը ակտիվիստի, որոնք ցանկացել են բողոքի ակցիա անցկացնել Ազգային ժողովի դարպասների դիմաց։ Այն պահին, երբ ակտիվիստները փակել են Բաղրամյան պողոտայի երթևեկելի մասը ու փորձել են բարձրանալ դեպի ԱԺ-ի շենք, ոստիկանները սկսել են բռնի ուժ կիրառել՝ հրելով և հարվածելով մարդկանց։ Ապա տասնյակ ոստիկաններ արգելափակել են մյուս ակտիվիստների ընթացքը դեպի Ազգային ժողով։

Նշենք, որ մարդիկ բողոքում են Ռուսաստանի հետ դեկտեմբերի 2-ին կնքված «ՀայՌուսգազարդ» ընկերության առքուվաճառքի համաձայնագրի, ինչպես նաև երկու երկրների միջև կնքված մի շարք այլ պայմանագրերի դեմ։

Իրավապահներից մի քանիսը հատուկ հետևել են լրագրողների գործողություններին՝ խանգարելով նրանց նկարահանումներ անել այն պահերին, երբ ոստիկանները ուժ են կիրառել։

Ակտիվիստներից մի քանիսին բաց են թողել բերման ենթարկելուց մի քանի րոպե անց՝ հենց Բաղրամյան պողոտայում։ Նրանք պատմել են Epress.am-ի թղթակցին, որ ակտիվիստներից մեկի՝ Անտոն Իվչենկոյի քթից արյուն էր գալիս, նրան հարվածել էին բերման ենթարկելու ժամանակ։ Ավելի ուշ՝ 13։20-ի սահմաններում, ոստիկանները բացել են ճանապարհը և մարդիկ բարձրացել ու կանգնել են Աժ-ի դարպասների դիմաց։ Այս պահին բերման ենթարկվածներից հայտնի են Իվչենկոյի և Վարդգես Գասպարիի անունները։

Նույն ժամանակ ԱԺ-ում ընթացող նիստում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը բարձրայնել է ակտիվիստների բերման ենթարկելու փաստի մասին։ Նա պահանջել է, որպեսզի նրանց ազատ արձակեն և թույլ տան իրացնել իրենց սահմանադրական իրավունքը: