Երևանի հասարակական տրանսպորտից օգտվողների մոտ սպասարկման վերաբերյալ դժգոհություններն ավելացել են։ Վերջին՝ աշնան և ձմեռվա ամիսներին միկրոավտոբուսների և ավտոբուսների երթևեկման հաճախականությունը նվազել է, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։
«Միտումնավոր, թե օբյեկտիվ պատճառներով՝ դժվար է ասել, բայց, կարծես, գծատերերը երեկոյան ժամերին մեքենաները հանում են «գծից»։
Երեկ ժամը 18:30-ի սահմաններում մայրաքաղաքի կենտրոնական՝ Մաշտոցի պողոտայում իրականացրած դիտարկումը ցույց տվեց, որ ուղևորների գոնե կեսը դժգոհ է տրանսպորտի վիճակից։ Կանգառում թիվ 11 երթուղայինին սպասող մի կին մեզ հետ զրույցում ասաց, որ այս երթուղուց օգտվողները հաճախ են ստիպված լինում տուն հասնելու այլընտրանքային տարբերակներից օգտվել՝ երկու տրանսպորտ փոխել կամ տաքսի վարձել», – գրում է թերթը։
Թերթի հաջորդ զրուցակիցը դժգոհ է եղել 31 և 51 համարների երթուղայիններից։ Ոչ աշխատանքային կիրակի օրերին, նրա խոսքով, 31 համարը ընդհանրապես չի աշխատում, իսկ աշխատանքային օրերին՝ մինչև երեկոյան ժամը 6-7-ն է նորմալ աշխատում։ Ուղևորը ստիպված է լինում երկու տրանսպորտ փոխել՝ տուն հասնելու համար։
«ՀԺ»-ն ընդգծում է, որ մեծ ավտոբուսները 7-8-ից հետո ընդհանրապես դուրս են գալիս երթուղիներից։ Թերթի թղթակցին ստեղծված իրավիճակի մասին գծատերերից պարզաբանումներ ստանալ չի հաջողվել։
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում