Home / Հայաստան / Ինչո՞ւ Հայաստանում մայդան տեղի չունեցավ. Տեր-Պետրոսյանի 3 պատճառները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ինչո՞ւ Հայաստանում մայդան տեղի չունեցավ. Տեր-Պետրոսյանի 3 պատճառները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Անկախ պետականության վերականգնումից հետո քաղաքական առումով Հայաստանն ապրում է իր ամենաշփոթ ժամանակաշրջանը: Այս մասին այսօր «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության հանրապետական խորհրդի նիստում հայտարարել է ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը:
 
«Ինչո՞ւ Հայաստանում մայդան տեղի չունեցավ և հայ ժողովուրդը, ի տարբերություն ուկրաինացիների, չընդվզեց Եւրոասոցացման պայմանագրից հրաժարվելու և Մաքսային միությանը միանալու անակնկալ որոշման դեմ։ Դրա պատճառները գուցե շատ են, բայց ես կբավարարվեմ մատնանշելով ընդամենը երեքը։
 
1. Պատճառներից առաջինն ու գուցե ամենահիմնականն, իմ կարծիքով, պատմական է։ Հակառուսական տրամադրված որոշ անհատների և մարգինալ տարրերի մշտակա առկայությամբ հանդերձ, Հայաստանում հակառուսականություն, որպես երևույթ, երբևէ գոյություն չի ունեցել և հիմա էլ գոյություն չունի։ Անկախ նրանից՝ տվյալ կատեգորիկ պնդումը ոմանց դուր կգա, թե ոչ, մենք գործ ունենք մի անհերքելի իրողության հետ, որի ակունքները պետք է փնտրել բացառապես հայ ժողովրդի ոչ հեռավոր պատմության ծալքերում։ Անհնար է ժխտել, որ վերջիվերջո հայ ժողովրդի ֆիզիկական գոյությունն ապահովվել և հայոց պետականությունը վերականգնվել է Մեծ Հայքի ռուսական տիրապետության տակ հայտնված տարածքում։ Հետևաբար, անհնար է նաև այս իրողությունը ջնջել հայ ժողովրդի պատմական հիշողությունից՝ վերածված գրեթե կենսագոյության բնույթի ենթագիտակցության, ինչը հատուկ է մանավանդ ցեղասպանության ենթարկված ազգերին։ Այս ամենը չի նշանակում, անշուշտ, որ հայ ժողովուրդը տառապանքներ չի կրել ցարական Ռուսաստանում կամ Խորհրդային միությունում։ Սակայն, ի տարբերություն Օսմանյան Թուրքիայի, այդ տառապանքները չեն սպառնացել նրա ֆիզիկական գոյությանը և ամենևին չեն բխել հայերի նկատմամբ ռուսների տածած խտրական վերաբերմունքից…
 
 2. Հաջորդ պատճառը նույնպես առնչվում է պատմությանը, բայց արդեն ոչ թե իրողությունների, այլ պատմական դասերի առումով։ Դասերից ամենադառն, անշուշտ, 1920 թվականի ողբերգությունն է, երբ Արևմուտքի վրա անհաշվենկատ խաղադրույք կատարելու և, ըստ էության, հակառուսական դիրքորոշում որդեգրելու հետևանքով, մեր երկրի ժամանակի իշխանությունները ոչ միայն չկարողացան հասնել Արևմտահայաստանի ազատագրման նպատակին, այլեւ կորցրին առաջին հանրապետության de facto և de jure տարածքի ուղիղ կեսը (Ղարսի նահանգը, Սուրմալուի գավառը և Նախիջևանը), անկախությունն էլ վրադիր։ Մյուս դասերը մեր աչքի առաջ են։ Նորանկախ Մոլդովայի, Վրաստանի և Ադրբեջանի իշխանությունները, կորցնելով իրականության զգացողությունը, առաջին իսկ օրվանից որդեգրեցին կոշտ հակառուսական դիրքորոշում, ինչի պատճառով ունեցան պետականության կայացման հետ կապված լրջագույն խնդիրներ՝ ուղեկցված զգալի տարածքային կորուստներով։ Ի տարբերություն այդ պետությունների, 1990-ական թվականներին Հայաստանը ոչ միայն խուսափեց նրանց բաժին ընկած ճակատագրից, այլեւ խոհեմություն ունենալով հակասովետական պայքարը չվերածելու հակառուսականի, կարողացավ պահպանել թե՛ իր տարածքային ամբողջականությունը, և թե՛ էապես նպաստել Արցախի ազատագրման գործին։
 
3. Եվ վերջապես, Հայաստանում մայդանի չկայացման երրորդ պատճառը հայ ժողովրդի խորը հիասթափությունն է Արևմուտքից ու նրա կիրառած երկակի ստանդարտներից։ Երբ 2008 թվականին Հայաստանում մայդանից ավելի հզոր բողոքի ալիք գոյություն ուներ, Արևմուտքը, բացառապես աշխարհաքաղաքական նկատառումներով, ոչ միայն չնկատելու տվեց համաժողովրդական այդ ընդվզումը, այլեւ անվերապահորեն թիկունք կանգնելով տասը զոհերի և հարյուրավոր քաղբանտարկյալների գնով իշխանությունը բռնազավթած Սերժ Սարգսյանին ու նրա ավազակախմբին, աչք փակեց ինչպես այդ, այնպես էլ նրանց բազմաթիվ այլ հանցագործությունների վրա։ Ավելին, վեց տարի շարունակ չզլացավ նաև գովեստներ շռայլել Սերժ Սարգսյանի հասցեին՝ նրան կոչելով հայ ժողովրդին արժանի առաջնորդ ու հրաշալի նախագահ, դրանով ամրապնդելով նրա հանցավոր իշխանությունը եւ ճանապարհ հարթելով բոլոր հաջորդ ընտրությունների կեղծման և ժողովրդավարության ու մարդու իրավունքների հետագա ոտնահարման համար։ Եթե Արևմուտքը Հայաստանի պարագայում աներ Ուկրաինայի ընթացիկ իրադարձությունների առթիվ կատարած քայլերի թեկուզ մեկ տոկոսը, այն է՝ 2008-ի փետրվարյան շուրջօրյա ցույցերի ժամանակ Հայաստանի իշխանություններին ընդամենը զգուշացներ խաղաղ ցուցարարների նկատմամբ ուժի կիրառման անթույլատրելիության մասին, ապա մեր երկրում այսօր իրավիճակը բոլորովին այլ կլիներ, և ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Եւրոմիությունը չէին կանգնի ներկայիս քաղաքական ֆիասկոյի առջև», – մասնավորապես, ասել է Լևոն Տեր-Պետրոսյանը։
 
Տեր-Պետրոսյանի ելույթի տեսանյութը ներկայացրել է ilur.am կայքը: