Հայաստանում ազատազրկվածները, որպես խոցելի խումբ, անտեսված են թե պետության և թե հասարակության կողմից: Ազատություն ստանալուց հետո նրանք, որպես կանոն, աշխատանք չեն գտնում, կորցրած են լինում իրենց մասնագիտական ունակությունները, որոշ դեպքերում ունենում են քայքայված ընտանիք, ինչը հանգեցնում է նրան, որ այդ մարդիկ նորից հայտնվեն ՔԿՀ-ում։ Այս մասին ասված է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի կողմից հայաստանյան ՔԿՀ-ների ներքին կյանքի ուսումնասիրությունների շուրջ արված «Ազատազրկո՞ւմ, թե՞ տառապանք» վերնագրով զեկույցում։
Նախկին ազատազրկվածների շրջանում անցկացված բանտախցի պայմանների՝ բանտի կողմից տրամադրվող սննդի որակի ու չափաբաժնի, արտոնությունների ու էլի մի շարք խնդիրների վերաբերյալ հարցումները ցույց են տալիս, որ ՔԿՀ-ում բացակայում են տարրական պայմանները․ «8 հոգու համար նախատեսված սենյակում 13 հոգով էինք քնում», «Սովետաշենում (Նուբարաշեն ՔԿՀ – խմբ․) սանհանգույցը ներսում էր ու բաց էր, երկրորդ հարկում պառկած մարդիկ կարող էին տեսնել քեզ, դրա համար հատուկ սավանով հարմարեցրել էինք ու հնարավորինս փակել զուգարանը, սակայն ամեն շաբաթ դրա համար վճարում էինք, որպեսզի հսկիչները չպոկեին սավանը»։
Ինչ վերաբերում է սննդին, ապա կարծիքներն այստեղ գրեթե չեն տարբերվում միմյանցից՝ «սնունդը հիմնականում բերվում էր դրսից», «եթե դրսից չբերվեր, կալանավորներրը կմահանային», «շան կեր»։
Ազատազրկվածներից շատերը նաև նշել են, որ ՔԿՀ-ում արտոնություններից հիմնականում օգտվում են փող ունեցողները և «պերվի կռուգ» տղաները։
«Օգտվում էին այն մարդիկ, ովքեր հարուստ էին, «գողական» ու ամենակարևորը դրսի գողական աշխարհից օգնություն էին ստանում։ Գաղութում խանութ կա, որտեղ գները դրսի գներից երկու անգամ թանկ են։ Նաև էրոտիկ ամսագրեր կարող էիր գնել, կախված բովանդակությունից ու միջի նկարներից՝ դրանք տարբեր գների էին՝ 5-10 հազար դրամ», – մեջբերված է զեկույցում։
Բուժզննման վերաբերյալ հարցման մասնակից նախկին դատապարտյալներից շատերը նշել են, որ բժիշկները իրենց այցելել են միայն ծայրահեղ վատ վիճակի դեպքում միայն՝ «ՔԿՀ-ում ստուգվել ենք հազարից մեկ, ընդունել էժան ու ժամկետնանց դեղեր»։
«Բանտում անորակ սննդի պատճառով ունեցել եմ ստամոքսի լուրջ խնդիրներ։ Շատ հաճախ էի բուժզննման կարիք ունենում, բայց դժվարությամբ էին բժիշկ տրամադրում։ Կամ էլ՝մարդ մեռնում էր, նոր էին անհրաժեշտ բուժօգնություն տրամադրում, բայց արդեն ուշ էր», – ասել է հարցվածներից մեկը։
Ճնշումների ու պատժամիջոցների կիրառման մասին հիշատակվել է պատժախուցը, իսկ որպես պատժի միջոցներ՝ մահակը, էլէկտրաշոկը ու տարատեսակ պատիժները։
Մի շարք այլ խնդիրների անդրադարձած զեկույցի հեղինակները հանգել են այն եզրակացության, որ ՔԿՀ-ները ծանրաբեռնված են, խցերում կրկնաքկի թվով մարդիկ են պահվում, լոգանքը ընդունում են շաբաթը մեկ անգամ, սպիտակեղենը, սնունդը, հիգիենայի պարագաները ստանում են դրսից, ոչ բավարար որակի է բուժսպասարկումը, հարազատների հետ ավելի հաճախ տեսակցությունները տրվում են գումարի կամ ծանոթների միջոցով, իսկ կապն արտաքին աշխարհի հետ հիմնականում տարվում է տաքսոֆոնների և բջջային հեռախոսների միջոցով, որը թեև արգելված է, սակայն շատ դատապարտյալներ ունեն։
Զեկույցի վերջում հեղինակները նշել են, որ Արդարադատության նախարարությունը պետք է լիազորված ու պատասխանատու լինի ՔԿՀ-ների համար, իսկ լիարժեք պատասխանատվության համար քրեակատարողական վարչության պետը պետք է նշանակվի ՀՀ արդարադատության նախարարի կողմից։
Հեղինակները նաև առաջարկել են՝ անկախ դատարանի որոշումից ՔԿՀ-ներում ազատազրկված անձանց լրակազմը լրանալու դեպքում նոր ազատազրկված անձ չընդունել, ինչպես նաև ՔԿՀ-ների աշխատակիցների նոր մտածողությունն ու սերնդափոխությունը ապահովելու համար ԵՊՀ-ում բացել հատուկ բաժին, որտեղ ուսուցման ուղղվածությունը կլինի ՔԿՀ-ներում մարդու իրավունքները։
Հայաստանյան բանտերի մասին պատմող տեսանյութեր կարող եք դիտել այստեղ և այստեղ