Ադրբեջանի իսլամական կուսակցությունը Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեին կոչ է արել միջոցներ ձեռնարկել՝ դեկտեմբերի 31- ին Նոր տարվա տոնական միջոցառումները կանխելու համար։
Իսլամիստներն իրենց կոչը հիմնավորում են նրանով, որ այս տարի դեկտեմբերի 31-ը համընկնում է Մուհամեդ մարգարեի ու իմամ Հուսեյնի մահվան օրվա հետ, հայտնում է Contact.az-ը:
«Կարծում ենք, որ Մարգարեի մահվան օրը պետք է նշվի որպես համազգային հիշատակման օր։ Այդ օրը հեռուստատեսությամբ տոնական հաղորդումները պետք է սահմանափակվեն, մեծ տեղ պետք է հատկացվի քարոզներին ու աստավածաբանների զրույցներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Կովկասի մահմեդականների վարչությունը կոչը չի մեկնաբանել։
«Մենք, ընդհանուր առմամբ, դեմ չենք տոներին, սակայն եթե այդ օրը համընկնում է թանկագին Մարգարեի մահվան սգո օրվա հետ, ապա մեզ՝ մահմեդականներիս, հարիր չէ տոնակատարություններ անցկացնել։ Եթե Իսա մարգարեն կենդանի լիներ, արդյո՞ք նա կհամաձայներ Մահմեդականության Մարգարեի մահվան օրը տոն նշել»,- հայտարարել է կուսակցության փոխնախագահ Աքիֆ Հեյդարլին։
Նա կարծում է, որ Մարտի 8-ն էլ ադրբեջանցիների հետ ոչ մի կապ չունի, «սակայն այդ տոնը տարեց տարի ավելի մեծ տարածում է ստանում, չնայած այն բանին, որ մահմեդական աշխարհում կանանց օրը համարվում է Մարգարեի դստեր՝ Ֆաթիմայի ծննդյան օրը»։